Բնագետ և ճանապարհորդ Չարլզ Դարվինի կողմից գրված նամակը երեքշաբթի օրը նյույորքյան աճուրդում վաճառվել է 125 հազար դոլարով՝ սպասվածից երկու անգամ ավելի թանկ:
Նամակը պատասխան է ընթերցողի խնդրանքին «մեկ-երկու բառով պատմել՝ ինչպես է էվոլյուցիոն տեսությունը հարաբերակցվում Աստծո գաղափարի հետ», փոխանցում է Life.ru-ն:
1878 թվականի «Տեսակների ծագումը» աշխատության ընթերցող Ջեյմս Գրանտը խնդրել է Չարլզ Դարվինին մեկ-երկու բառով բացատրել՝ արդյոք էվոլյուցիոն տեսությունը հերքում է Աստծո գոյության ապացույցները: Ի պատասխան գիտնականը նրան ուղարկել է երեք էջանոց նամակ, որում հրաժարվել է հակադրել գիտությունը և կրոնը:
Հետաքրքիր է, որ Դարվինը այդպես էլ չի պատասխանել՝ հավատում է Աստծուն, թե ոչ: Նա նշել է, որ այս հարցի ամբողջական պատասխանի համար էսսե կպահանջվի, իսկ նա այդ գործի համար չունի ոչ ուժ, ոչ առողջություն: Ընդ որում, բարձր ուժերի գոյության ամենակարևոր ապացույց գիտնականը համարել է բնազդը կամ ինտուիցիան: