Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Ջրվեժ գյուղի բնակիչներ՝ 44-ամյա Երջանիկ Տիտոյանը, 15-ամյա Ելենա Տիտոյանը, 14-ամյա Միլեն Տիտոյանը, 39-ամյա Լուսինե Սահակյանը, 57-ամյա Էլեն Տիտոյանը և 5-ամյա Գոռ Տիտոյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գևորգյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում նշված անձինք թունավորվել են Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի 5-րդ տան գազի կաթսայի արտահոսքից, ինչի հետևանքով է վատացել է նշված անձանց ինքնազգացողությունը և տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել փրկել նրանց։ Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նրանցից մի քանիսը եղել են ոչ լավ վիճակում։
Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնում հետաքննություն է սկսվել։ Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, մեկ այլ թունավորում էլ տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։20-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Սևան աղաքի Սունդուկյան փողոցի բնակիչներ՝ 34-ամյա Բաղիշ Հարությունյանը, 23-ամյա Մարո Ջավադյանը, 31-ամյա Լուսինե Հայրապետյանը, 11-ամյա Սևա Հարությունյանը և 10-ամյա Վահե Հարությունյանը։ Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ղազարյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02։30-ի սահմաններում նշված անձինք թունավորվել են իրենց տանը գազօջախի փականը անզգուշաբար բաց թողնելու հետևանքով արտանետված գազից։ Փաստի առթիվ Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Երկու դեպքերով էլ նշանակվել է են դատաբժշկական փորձաննություններ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով