Կրկնվելու սովորությունը կարող է դեմենցիայի վաղ նշան լինել
Advertisement 1000 x 90

Կրկնվելու սովորությունը կարող է դեմենցիայի վաղ նշան լինել

Դեմենցիան մի քանի տարբեր հիվանդություններ է ներառում, որոնցից յուրաքանչյուրն իր ախտանիշներն ունի: Որպես կանոն, խոսքը մտածողության, շփման և հիշողության հետ կապված խնդիրների մասին է: Վերջերս Ալցհեյմերի հիվանդության ասոցիացիայի գիտնականները ցանկին ևս մեկ անհանգստացնող ախտանիշ են ավելացրել:

Նրանց խոսքով՝ երբ մարդը սկսում է կրկնվել, դա կարող է դեմենցիայի վաղ նշան լինել: Օրինակ՝ եթե մարդը սկսում է օրական մի քանի անգամ սափրվել, ինչ-որ իրեր հավաքել, տալ նույն հարցերը, դա պետք է տագնապ առաջացնի:

Գիտնականների խոսքով՝ այսպիսի կրկնողությունների պատճառը ուղեղի բջիջների «մարումն» է: Ըստ որում՝ արտաքին գործոնները կարող են լինել և՛ նկարագրված ախտանիշների պատճառ, և՛ դրանք սաստկացնող տարր: Փորձագետները շեշտում են, որ միևնույն հարցերը տվող մարդիկ, հնարավոր է, փորձում են որոշակի տագնապ արտահայտել, օգնություն խնդրել, հաղթահարել անհանգստությունը կամ անձնական անվտանգության բացակայության զգացողությունը:

Ի դեպ, դեպրեսիան ևս կարող է դեմենցիայի ախտանիշ լինել: Տրամադրության փոփոխականությունը, բնավորության փոխվելը, ապատիան, ալարկոտությունը, գիտակցության խառնաշփոթը, տարածության մեջ կողմնորոշման խնդիրները, խոսակցության թելը կորցնելը՝ այս ամենը ևս տագնապահարույց ախտանիշներ են:

Ներկայումս աշխարհում դեմենցիայով տառապող գրեթե 47 մլն մարդ կա: Դեմենիցիայով անձանց թվի հետագա աճ է սպասվում՝ կապված աշխարհում կյանքի միջին տևողության աճի հետ:

med.news.am