Ուզում եմ, որ երբեք որևէ մեկը չբաժանվի իր համար թանկ մարդուց. Գայանե Ավետիսյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ուզում եմ, որ երբեք որևէ մեկը չբաժանվի իր համար թանկ մարդուց. Գայանե Ավետիսյան. life.panorama.am

Life.panorama.am-ի «Նամակ Ձմեռ պապին» շարքի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Գայանե Ավետիսյանը:

«Սիրելի Ձմեռ պապ, ամբողջ կյանքում հավատացել եմ քեզ՝ քո գոյությանը, և երբևէ չեմ դադարի հավատալ, որ ամանորյա հեքիաթը հենց քեզնով է սկսվում: Ուզում եմ՝ ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ամանորի գիշերը գաս ու լցնես բոլորի սրտերը, և հատկապես այն մարդկանց սրտերը, ովքեր ունեն ջերմության, սիրո, համերաշխության ու ներդաշնակության կարիք: Ուզում եմ, որ սեր տարածես ամբողջ աշխարհում, սեր դեպի ծնող, սեր դեպի հայրենիք, սեր դեպի կենդանիները, սեր դեպի փոքրիկները և առհասարակ, սեր ասվածը, որը գնալով պակասում է մեր կյանքում: Չէ որ, եթե կա սեր, բոլոր դժվարությունները դառնում են հաղթահարելի: Ուզում եմ, որ բոլոր այն մարդկանց սրտերը, ովքեր միասին չեն, բայց միասին են բաբախում, քո հրաշքով միացնես:

Ձմեռ պապ, ուզում եմ, որ ամբողջ աշխարհում և հատկապես մեր երկրում լինի բացարձակ խաղաղություն, որ մեր սահմաններին տնկված լինեն ծիրանենիներ՝ որպես խորհրդանիշ, և այդուհետ այդ ծիրանենիները պաշտպանեն մեր հայրենիքը, այլ ոչ թե զինվորները:

Ուզում եմ, որ կատարես բոլոր փոքրիկների երազանքները, հատկապես, եթե այդ երազանքները կապված են առողջության հետ:

Ձմեռ պապ, շատ եմ ուզում, որ քո ժպիտից մարդիկ սեր, համերաշխություն, առողջություն և լիություն վարակվեն: Ամենակարևոր բանը, որ ուզում եմ 2018-ից, որ երբեք որևէ մեկը չբաժանվի իր համար թանկ մարդուց. Ոչ ծնողը երեխայից, ոչ հարազատ մարդը իր բարեկամից, ոչ զինվորն իր սիրած աղջկանից, ոչ սիրող սիրտը իր սիրելիից:

Սիրելի Ձմեռ պապ, ես չեմ դադարի քեզ շնորհակալ լինել իմ հրաշք ընտանիքի, ֆիզիկական ու մտավոր առողջության համար, նաև շնորհակալ եմ բոլոր ձեռքբերումների և անկումների համար, որոնցից հետո ձեռքբերումներն ավելի հաստատուն են: Շնորհակալ եմ, որ ամեն առավոտ տեսնում եմ աշխարհի ամենագեղեցիկ բանը՝ արևը: Այս ամենը բոլոր ժամանակների ամանորյա նվերներ են ինձ համար: Շնորհակալ եմ, որ բոլորի սրտերում դու կաս՝ որպես բարության խորհրդանիշ:

2017-ին ես շատ ուրախ պահեր եմ ունեցել, տխրություն ևս զգացել եմ, սակայն շատ լավ եմ գիտակցում, որ առանց դրա երջանկությունը արժևորված չի լինի: Չէ որ, երբ նկարում են մեր սրտի աշխատանքը, սանդղակը միշտ վերևում չէ, այն ներքև պիտի իջնի, որ կարողանա բարձրանա: Ուրախ եմ, որ գիտակցում ու ճիշտ եմ ընկալում այս ամենը՝ գնահատելով ինձ տրված կյանքը:

Ձմեռ պապ, քեզ խնդրում եմ, որ քո հրաշքով 2018-ն ինձ մոտ բերի իմ իրական կեսին, ուզում եմ, որ ընտանիքիս անդամներն առողջ լինեն: Թող 2018-ին բոլոր այն մարդիկ, ովքեր չպետք է լինեն իմ կողքին, անցավ չլինեն: Ուզում եմ բարությունը իշխի մարդկանց և ամեն քայլ արված լինի բարի հրամանով:

Ես շնորհավորում եմ բոլորին այս գեղեցիկ, լուսավոր ու հեքիաթային տոնի կապակցությամբ: Թող որ կյանքի ամեն իրավիճակում Ձեր սիրտը լիաթոք ժպտա, քանի որ ժպիտը միակ դեղամիջոցն է, որը վանում է բոլոր վատ ու չար լիցքերը»:

life.panorama.am