Դեկտեմբերի 19-ի երեկոյան, հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի միացմամբ, տրվեց մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը: Գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորության խորհրդանշական միացումը կատարեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և մայրաքաղաքի երաժշտական ու արվեստի դպրոցների միջազգային և հանրապետական մրցույթներում բազմաթիվ գրան-պրիներ և մրցանակներ ստացած սաները, միջազգային տարբեր օլիմպիադաներում հաղթած աշակերտներն ու ամենատարբեր մրցումներում և առաջնություններում առաջին մրցանակային հորիզոնականը գրաված պատանի մարզիկները:
32մ բարձրությամբ և շուրջ 8000 լուսադիոդային լամպերով և 400 խաղալիքներով զարդարված տոնածառի լույսերի միացմանը զուգահեռ՝ լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր տոնածառերը, տոնական լուսավորության համակարգերն ու տոնական զարդարանքները, այդ թվում նաև՝ շատրվանները: