Ռուստամ Ռեզա
Advertisement 1000 x 90

Ռուստամ Ռեզա

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է Ռուստամ Ռեզայի անցած ուղին:

«Օտար բանակներում ծառայած, օտար դրոշի համար կռված շատ հայտնի հայեր կան: Նրանցից է նաև Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի թիկնապահը՝ Ռուստամ Ռեզան, ով, հետագայում գրեց իր ինքնակենսագրական գիրքը՝ «Նապոլեոն Առաջինի մամլուք Ռուստամի հուշերը» որով մեծ ծառայություն մատուցեց նաև պատմագիտությանը:

Ռուստամը՝ Ռոստոմ Հունանի Խաչատուրյանը,  ծնվել է 1782 թվականին՝ Թիֆլիսում: Նա արցախցի առևտրական Հունանի ընտանիքի վեցերորդ զավակն էր: Ռուստամը 13 տարեկան էր, երբ նրան ու մորը՝ Վարիին Շուշիի Իբրահիմ խանի և Ջրաբերդի մելիք Մեջլումի միջև ընթացող պատերազմի ժամանակ Գանձակում առևանգեցին թուրքերը և որպես ստրուկ վաճառեցին Կոստանդնուպոլսում: Հետագայում մայրն ազատվեց գերությունից, իսկ պատանու ճակատագիրն այլ ընթացք ստացավ:

Ռուստամն այլևս չտեսավ իր մորը, քույրերին ու եղբայրներին: Երբ հասավ իր փառքի գագաթնակետին, նա տասնյակ նամակներ գրեց նրանց, բայց պատասխան չստացավ: Ագամ Նապոլեոնի խորհրդով մի հայ վաճառական վարձեց, որ գտնի նրանց, Փարիզ բերի, բայց դարձյալ անարդյունք:

Պատանի գերյալին գնեց Սալա-բեյ անունով իսլամացած վրացի, մամլուք դարձրեց, ապա վաճառեց Եգիպտոսում: Մամլուքները Եգիպտոսում հատուկ դասակարգ էին: Դեռևս միջնադարում արաբ տիրակալները ռազմագերիներից կամ ստրուկներից առանձնացնում էին ամրակազմ, ճարպիկ պատանիների, նրանց ռազմական գործ սովորեցնում և գործի դնում բանակում:

Ռուստամը ծառայության անցավ շեյխ ալ-Բաքրիի մոտ: Նա հսկում էր շեյխի հարեմի պահպանությունը: Շուտով երիտասարդը սիրահարվում է շեյխի դստերն ու ցանկանում ամուսնանալ նրա հետ: Շեյխը սկզբում տվեց իր համաձայնությունը, ապա իր դստեր համար այլ փեսացու ճարեց մամլուքներից: Եվ երբ խանդոտ հայորդին ծեծեց իր ախոյանին՝  շեյխն ստիպված էր ազատվել Ռուստամից:

1799 թվականին, Նապոլեոնի եգիպտական արշավանքի ժամանակ շեյխն իր մամլուքին նվիրեց գեներալ Բոնապարտին:

Ռուստամն աչքի ընկավ իր հավատարմությամբ, քաջությամբ, և շուտով Նապոլեոնը նրան կարգեց իր անձնական թիկնապահ, հետագայում՝ թիկնազորի հրամանատար: Իր արտասովոր հանդերձանքով, վեհ ու խրոխտ կերպարով նա առանձնահատուկ շուք ու հմայք էր հաղորդում Նապոլեոնին:

Նրա հավատարմությունն ու աչալրջությունն այն աստիճան էին, որ անգամ կայսեր ապահովության համար քնում էր՝ իր շարժական մահճակալը Նապոլեոնի ննջասենյակի դռանը հենած:

Ճիշտ է. Նապոլեոնի արքունիքը շուրջ երեք տարի ,,մոռացավ,, Ռուստամին ռոճիկ վճարել նրա ծառայության դիմաց: Նա ստիպված էր կարիքները հոգալու համար վաճառել ինչ որ ուներ: Երբ կայսրն իմացավ այդ մասին՝ նրան առատորեն վարձատրեց և ամենամսյա ռոճիկ նշանակեց:

Իսկ դա լրիվ պատահական եղավ. Մի անգամ, թղթախաղի ժամանակ Նապոլեոնը նրանից պարտքով գումար է խնդրում. Երբ Ռուստամը նրան առաջարկում է իր մոտ եղած գռոշները՝ 20 լույիդոլ, նոր միայն պարզվում է, որ մինչ օրս անբասիր ծառայության համար կայսերական գանձարանից Ռուստամին վարձատրել են… ոչնչով…

Դեռևս Ֆրանսիա նոր ոտք դրած ժամանակ, երբ Նապոլեոնը հիմնական զորքով փութաց Փարիզ, Ռուստամի հսկողությամբ Կոնսուլի գումակն էր շարժվում… Ճանապարհին ավազակներ են հարձակվում, որոնց դիմագրավելու համար առանձնակի փայլում է հայազգի մամլուքը:

Նապոլեոնը, ինչպես նաև կայսրուհի Ժոզեֆինան, շատ սիրեցին Ռուստամին և նրան վստահում էին ամեն ինչ: Հետագայում, կայսրը անգամ ընդդիմացավ Ռուստամի ամուսնությանը, վախենալով, թե ընտանեկան կյանքը նրան հետ կպահի ծառայությունից:

Ամեն դեպքում՝ Նապոլեոնը ոչ միայն տվեց իր համաձայնությունը, այլև իր վրա վերցրեց հարսանիքի ողջ ծախսերը:

Ռուստամն անսահման սիրում էր կնոջն ու նվիրված էր նրան: Ռուստամի ընտանիքը  սիրում էին նաև Նապոլեոնն ու Ժոզեֆինան: Քանի, որ արշավանքների ժամանակ Փարիզից եկող փոստը առաջինը Նապոլեոնն էր բացում, նա հաճախ իրեն թույլ էր տալիս նախքան կնոջ նամակը Ռուստամին հանձնելը՝ ընթերցել այն, ինչը, մամլուքին բնավ չէր անհանգստացնում և նա ներողամտորեն էր վերաբերվում կայսեր այդ թուլությանը: Նապոլեոնը հետևողական էր լինում, որ Ռուստամը կատարի կնոջ բոլոր ցանկություններն ու նրան առատ նվերներ ուղարկի Եվրոպայի տարբեր քաղաքներից:

Ռուստամն ամուսնացել էր Ժոզեֆինա կայսրուհու ավագ նաժիստի դստեր՝ Ալեքսանդրա Դյուվիլի հետ, ով նրան որդի և դուստր պարգևեց: Երբ կայսրը վերջապես տվեց իր համաձայնությունը ամուսնության առթիվ՝ այլ խնդիր ծագեց. Համաձայնություն չտվեցին նոտարը և պալատական արքեպիսկոպոսը, ասելով, որ Ռուստամը քրիստոնյա չէ: Նա չկարողացավ համոզել կղերին, որ ինքը հայ է և հայերը քրիստոնյա ազգ են: Ի վերջո՝ գործին միջամտեց անձամբ կայսրը:

Ռուստամը Նապոլեոնի հետ չմեկնեց Էլբա: Դրա համար ֆրանսիացի շատ պատմաբաններ մեղադրում են նրան: Իր ինքնակենսագրական գրքում Ռուստամը գրում է, որ պատրաստվում էր կայսեր հետ Էլբա մեկնել: Նա անգամ հրաժեշտ է տվել կնոջը՝ Ալեքսանդրային, երեխաներին և մեկնել կայսեր մոտ՝ նրանից թույլտվություն վերցնելու, որպեսզի նախապատրաստի նաև իր ընտանիքի մեկնումը Էլբա կղզի: Սակայն Նապոլեոնի շուրջ ստեղծված խառնաշփոթում նա չի կարողացել այդ մասին խոսել կայսեր հետ և այդպես էլ չի հաջողվել նրա հետ մեկնել:

Բացի այդ, կայսեր մերձավորները նրան պարզ հասկացրել են, որ Էլբայում Նապոլեոնը մամլուքի կարիքը չունի և նա սոսկ սպասավոր է աշխատելու այնտեղ:

Իսկ հանգուցալուծումը եղավ այնժամ, երբ Նապոլեոնը մամլուքից զենք խնդրեց: Քանի, որ մերձավորները գիտեին Նապոլեոնի ինքնասպան լինելու որոշման մասին, Ռուստամը զենք չտվեց նրան ու տուն գնաց. Դա զայրացրեց կայսերը և կարգադրեց մամլուքին Էլբա չտանել:

Նապոլեոնի Հարյուր օրվա ժամանակ, երբ նա վերագրավեց գահը, Ռուստամը իր ծառայություններն առաջարկեց, բայց կայսրը զայրացած պատռեց նրա դիմումն ու կրակը նետեց:

Վաթեռլոյի ճակատամարտից հետո հալածանքներ սկսվեցին Նապոլեոնի զինակիցների նկատմամբ և Ռուստամն ստիպված էր թողնել ընտանիքն ու ծպտված ապրել գավառներում: Նա անգամ ստիպված էր հեռանալ Ֆրանսիայից և վերադառնալ ռուսական կայսրություն: Ռուստամը նախ ուղևորվեց Թեհրան, ապա՝ Թիֆլիս:

Կովկասի կառավարչապետ Երմոլովի զորագնդում 1826-1828 թվականներին մասնակցում է ռուս-պարսկական պատերազմին և նրա հաղթական ավարտից հետո բնակության է հաստատում Շուշիում:

Բայց Ռուստամը չկարողացավ երկար բնակվել Շուշիում. Նրան կանչում էր ընտանիքը, զավակների կարոտը և 1840 թվականին նա վերադարձավ Ֆրանսիա: Նույն թվականին հագնելով մամլուքի համազգեստը՝ կայսեր աճյունն ուղեկցեց մինչև հանգստարան:

Նա ընտանիքի հետ տեղափոխվեց ու հաստատվեց կնոջ հայրենի քաղաքում՝ Դուրդանում: Ռուստամը զուրկ էր բոլոր միջոցներից. Նպաստ չէր ստանում, աշխատանք չուներ:

Նապոլեոնի մամլուքը մահացավ չքավորության մեջ՝ 1845 թվականի դեկտեմբերի 7-ին:

Դուրդանի գերեզմանատանն է գտնվում նրա շիրիմը, ուր արձանագրված է. ,,Աստ հանգչի Ռուստամ Ռազան, կայսր Նապոլեոնի նախկին մամլուքը, ծնված Թիֆլիսում, մեռած Դուրդանում, 64 տարեկան հասակում: Նա իր հետ տարավ իր ընտանիքի կսկիծները, որ իր համար չափազանց թանկ էր: Թող խաղաղությամբ հանգչի նրանց մեջ, ովքեր նրան հարգել ու սիրել են,,:

Հետագայում նրա կողքին ամփոփվեց սիրելի կնոջ դին:

Մագդա Նեյմանն իր ,,Հայերը,, գրքում հավաստում է, որ Ռուստամի թոռն էր ֆրանսիացի ականավոր թատերագիր և բանաստեղծ Էդմոն Ռոստանը, ով ծնվել է 1866 թվականին և մահացել 1923-ին»: