
Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում և դրան հարակից շրջաններում ամանորյա տոնակատարություններն արգելվելու են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական T24-ը, այս մասին հայտնել են Բեյօղլու թաղամասի ոստիկանությունից:
Իրավապահ մարմիններն արգելքը պայմանավորել են հնարավոր միջադեպերը կանխելու անհրաժեշտությամբ: Հիշեցնելով նախորդ տարի ամանորի գիշերը «Ռեյնա» ակումբում տեղի ունեցած հարձակումը՝ ոստիկանությունից հայտնել են, որ ամանորի գիշերն արգելվելու են հավաքներն ու տոնակատարությունները:
2017 թվականի տարեմուտի գիշերը գիշերային ակումբում իրականացված հարձակմանը զոհվել էր 39 մարդ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: