Օրեր առաջ Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում կայացավ «Վատ տղաները» ներկայացման պրեմիերան: Ռեյ Կունիի պիեսի համաձայն՝ ներկայացման գործողությունները տեղի են ունենում ամուսիններ Թոմի ու Լինդայի տանը։ Նրանք ցանկանում են երեխա որդեգրել և սպասում են երեխաների որդեգրման գործակալության տեսուչ միսիս Փոթերի գալուն, ով խստապահանջ է և արդար:
Life.panorama.am-ը Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի նոր խաղացանկային ներկայացման մասին խոսել է թատրոնի դերասանուհի Քնարիկ Զաքարյանի հետ, ով «Վատ տղաներ»-ում մարմնավորում է միսիս Փոթերին:
««Վատ տղաներ»-ը իրավիճակային կատակերգություն է, այն իրականացրեց մեր թատրոն հրավիրված ռեժիսոր Արթուր Սարիբեկյանը: Պետք է ասեմ, որ նա շատ հետաքրքիր ռեժիսոր է, ում հետ աշխատելը հաճելի էր մեզ համար: Նաև բավականին լավ դերասանական խումբ է ընտրված, որոնց մեծ մասը ծանոթ է հեռուստադիտողին տարբեր հեռուստանախագծերից: Կարծում եմ՝ նաև դրանով է նաև պայմանավորված հանդիսատեսի մեծ հետաքրքրվածությունը այս ներկայացման նկատմամբ: Ներկայացումը դեռ երկու անգամ ենք խաղացել, իսկ հաջորդ խաղը նախատեսված է տոներից հետո»,- պատմեց դերասանուհին:
Խոսելով ներկայացման բովանդակության մասին՝ Քնարիկը նշեց. «Իրավիճակները զարգանում են երեք եղբայրների շուրջ, նրանցից մեկն ամուսնացած է և կնոջ հետ ցանկանում է երեխա որդեգրել: Նրանք երկար սպասում են երեխաների որդեգրման գործակալության տեսուչ միսիս Փոթերի գալուն, ով պետք է որոշի՝ արդյոք արժե նրանց երեխա տալ, իսկ այդ ընթացքում եղբայրների թեթև ձեռքով տեղի են ունենում անսպասելի իրադարձություններ»:
Քնարիկ Զաքարյանը մարմնավորում է միսիս Փոթերին: Նրա փոխանցմամբ՝ այդ կնոջից բոլորը վախենում են, սակայն իրականում նա, խստապահանջ լինելով հանդերձ, նաև շատ արդարամիտ է:
«Ինձ շատ հետաքրքիր էր աշխատել այս դերի վրա: Սա նորություն էր, շատերն ինձ այսպիսին չեն տեսել ու դրանում էլ հենց կայանում է հետաքրքրությունը: Ասեմ, որ ինձ էլ էր հետաքրքիր՝ կկարողանամ արդյոք հաղթահարել այդ «խարակտերը», թե ոչ: Պրեմիերայից հետո արձագանքներից հասկացա, որ կերպարս ստացվել է»,- ընդգծեց նա:
Դերասանուհու խոսքով՝ չնայած այն կատակերգություն է և նախատեսված է մարդկանց ծիծաղ պարգևելու համար, սակայն իր հաղորդագրությունն ավելի խորը արմատներ ունի.
«Այս ներկայացման բովանդակային իմաստը կայանում է նրանում, որ, միևնույն է, երազանքն ու սերը հաղթում է: Ընդ որում, սերը եղբայրների, սիրելիի, թե երեխայի հանդեպ, միևնույն է, նրա առկայության դեպքում հաղթանակն ապահովված է»,- հավելեց նա:
Երկու գործողությամբ ներկայացման դերակատարներն են՝ Արմեն Մարգարյանը, Արծրուն Չոբանյանը, Լևս Դավթյանը, Անի Ղազարյանը, Միլենա Ավանեսյանը, Գեորգի Հովակիմյանը, Քնարիկ Զաքարյանը, Ռուդոլֆ Մարտիրոսյանը, Սարգիս Վարդևանյանը։ Ներկայացումը բեմադրել է Արթուր Սարիբեկյանը։