Հոկտեմբերի 8-ը՝ Երևանի ծննդյան օրը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանի համար կրկնակի տոնական է. հին երևանցի դերասանուհին այսօր նշում է ծննդյան 59-ամյակը:
Life.panorama.am-ը ջերմ բարեմաղթանքներ է հղել դերասանուհին ու փոքրիկ զրույց ունեցել նրա հետ:
«Հայրական կողմով ես բնիկ երևանցի եմ՝ հին երևանցի, հետևաբար Երևանիս ծննդյան օրը շնորհավորելիս՝ նույնն է ինչ հայրական տանս համար ցանկություններ ունենամ: Իհարկե, ուզում եմ իմ տունը, իմ Երևանը կանգնուն մնա, ուզում եմ, որ Երևանս շենանա ու մտնի համաշխարհային լավագույն քաղաքների շարքը: Շատ կցանկանամ, որ Երևանիս դռները բաց լինեն, որ իմ հայրական տուն հյուրեր շատ մտնեն՝ տուրիզմը շատանա ու աշխարհը գա տեսնի մեր տաք քաղաքը: Կցանկանամ նաև, որ Երևանից գնացողներն էլ ցանկանան վերադառնալ…»,- նշեց դերասանուհին ու անդրադարձավ հարազատ քաղաքին պակասող երևույթներին.
«Ցավոք, բայց Երևանին մի փոքր ճաշակն է պակասում: Առաջ ճաշակը կար, սակայն տարիների ընթացքում մենք զրկվեցինք մեր դեմքից ու չունեցանք նորը: Մենք որոշեցինք քանդել այն, ինչ հին է՝ չհասկանալով, որ հինը արժեք է, հինը քո պատմությունն է: Մենք չհասկացանք, որ չի կարելի ծառերը կտրել ու տեղը քարեր դնել, ինչը աշխարհի ոչ մի անկյունում չի արվում: Մենք չհասկացանք, որ չի կարելի բնությունը աղտոտել ու տեղը քյաբաբանոց սարքել, չհասկացանք, որ չի կարելի այգիները վերածել ուտուշ-խմուշի վայրեր: Չգիտեմ՝ հետագայում ինչ կլինի, բայց շատ կուզեմ, որ այս առումով երևանցիները գիտակցության փոփոխություն կրեին»:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
Ամբողջությամբ՝ Life.panorama.am