Life.panorama.am-ը ներկայացրել է երգչուհի Սոնա Շահգելդյանին, որը չնայած զբաղվածությանը՝ սիրում է ժամանակ անցկացնել խոհանոցում, համեղ ուտեստներ պատրաստել ընտանիքի և հյուրերի համար:
Երգչուհին ասել է, որ թեև ամանորյա սեղանները հարուստ են մսատեսակներով պատրաստված ուտեստներով, սակայն նա դրանց նախապատվություն չի տալիս և գոնե աղցանների հարցում փորձում է խուսափել մսից:
«Ես խոզի միս առհասարակ չեմ օգտագործում, միայն տավարի և գառի միս եմ ուտում, բայց առավել շատ բանջարեղեն և ձկնամթերք եմ սիրում: Միս չսիրելու պատճառը կենդանիների հանդեպ չափազնց մեծ հոգատարությունն է»,- նշեց նա:
Սոնա Շահգելդյանը առաջարկեց ամանորին պատրաստել «Ծովախեցգետնով աղցան», որի բաղադրատոմսը ներկայացնում ենք ստորև:
«Ծովախեցգետնով աղցան»
«Վերցնում ենք երկու տուփ ծովախեցգետին, մեկ գլուխ սոխ, մեկ տարա պահածոյացված եգիպտացորեն, կես բաժակ երկար բրինձ, թթու վարունգ, կամ թթու կաղամբ, սամիթ, թթվասեր և մայոնեզ, աղ ու սև բիբար:
Ծովախեցգետինը խորանարդաձև կտրատում ենք, ապա մանրացնում ենք սոխը, հետո ավելցնում եգիպտցորենը և թթու վարունգը: Լվանալուց հետո փոքր-ինչ շոգեխաշում ենք երկար բրինձը, այնքան, որ չփխլվի, ու ավելացնում մեր զանգվածին: Վերջում համեմունքներ ու սամիթ ենք լցնում, իսկ մատուցելուց ավելացնում թթվասերն ու մայոնեզը: Շատ գեղեցիկ է, երբ այս աղցանը զարդարում ենք ձիթապտղով: Վստահեցնում եմ՝ շատ համեղ է ու կարևորը ծանրամարս չէ»:
Հետաքրքրվելով, թե երգչուհին կարևորություն տալի՞ս է ամանորյա ճոխ սեղաններին, պատասխանեց.
«Անկեղծ ասաց, այնքան էլ կարևորություն չեմ տալիս դրանց: Ինձ համար ոչ թե ճոխությունն է կարևոր, այլ ուտեստների համեղ լինելը: Նախընտրում եմ համահունչ կերակրատեսակներ պատրաստել, որոնք չեն վնասի մեր առողջությանը»:
Ի դեպ՝ Սոնա Շահգելդյանը նկատեց, որ իրենց տանը Ամանորին ավանդական ուտեստներ են պատրաստվում.
«Սիրում եմ, երբ որոշ ավանդույթներ պահպանվում են: Օրինակ՝ տատիկս շատ համեղ նրբաբլիթ և Իշլի քյուֆթա է պատրաստում: Սիրում եմ, երբ սեղանը գեղեցիկ է զարդարված լինում: Դեռ այն ժամանակ, երբ ամուսնացած չէի և մայրիկիս հետ էի ապրում, դարձյալ ինքս էի զարդարում տոնական սեղանը, հիմա առավել ևս միայնակ եմ այդ ամենը անում արդեն իմ տանը: Գիտեք, այս ամենը Ամանորի մի մասն է կազմում, բայց ինձ համար կարևոր է ոչ թե սեղանը, այլ, որ ուրախ դիմավորես Նոր տարին, տարիդ սկսես առանց հիասթափությունների: Շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, և մաղթում եմ, որպեսզի ամենակարևորը խաղաղության և առողջության տարի լինի 2018-ը»,- ավարտեց երգչուհին: