«Նախատոնական շրջանում ես գիտեմ, որ հիմա ժողովուրդն ընկած սննդամթերքի հետևից, սննդամթերք է գնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը՝ խորհուրդ տալով մարդկանց միշտ ուշադրություն դարձնել սննդամթերքի պահպանման ժամկետի վրա:
Նա նշեց, որ իրենց մոտ շատ դեպքեր են արձանագրվում, երբ մարդիկ սննդամթերքը գնում են արդեն իսկ ժամկետն անցած. «Նման դեպքերը բավականին շատ են լինում: Որպես բժիշկ՝ խորհուրդ կտամ խուսափել պահածոյացված բանջարեղեններից: Չնայած Նոր տարվա սեղաններին դա այդքան շատ չի լինում, ավելի շատ հետո են օգտագործում, բայց, ամեն դեպքում, բացելուց առաջ անպայման պետք է եռացնենք մոտավորապես 30-40 րոպե, նոր դնեն սեղանին և ուտեն: Ես վերջին շրջանում չեմ հիշում թունավորման դեպք, որ լինի անորակ խմիչքից, միայն քանակի չարաշահման արդյունքում է դա լինում: Ինձնից ուղղակի խորհուրդ ձեզ՝ երբեք մի անցեք այդ սահմանները, որովհետև դա բերում է բավականին ծանր ընթացող թունավորման: Վերջին տարիների ընթացքում ավելի շատ ջահելներն են թունավորվում, նաև կանայք և երեխաները»:
ՀՀ գլխավոր թունաբանը նշեց, որ գնալով շատանում են գազից թունավորման դեպքերը. «Իսկ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 1-ը մեծ մասամբ կանայք լինում են խոհանոցում: Պետք է միշտ զգույշ լինել և հետևել նման թունավորմանը՝ իմանալով, որ դա շատ ծանր ընթացք է ունենում, ընտանիքներով հայտնվում են մեր հիվանդանոցում»:
Հարցին՝ տոներից հետո հին սննդի օգտագործման արդյունքում թունավորման դեպքերն ի՞նչ դինամիկա են արձանագրում՝ թունաբանը պատասխանեց, որ դա հիմնականում կապված է հենց ժամկետանց սննդամթերք օգտագործելու հետ. «Ես գիտեմ, որ մեծ մասամբ աղցանները սարքում են թթվասերով և մայոնեզով, դրանց պահպանման ժամկետը բավականին կարճ է, թեկուզ, եթե սառնարանում եք պահում, այդքան երկար պահել չի կարելի: Նույնը վերաբերում է տոլմային, ցանկացած հայկական ընտանիքում պարտադիր աղացած մսից տոլմա լինում է: Դրա պահպանման ժամկետներն էլ են բավականին սուղ»:
Անի Քեշիշյան