Երևան քաղաքի 2018 թվականի նոր բյուջեով նախատեսված ծախսերը, ինչպես նախորդ տարիներին, առաջիկայում ևս զարմացնելու առիթ են տալու։ Անհարկի ճոխ ծախսերի համար պարբերաբար քննադատության կենտրոնում հայտնվող քաղաքապետարանի ներկայացրած փաստաթղթով հաջորդ տարի նախատեսվում է շուրջ 1 մլրդ դրամ տրամադրել տոնական միջոցառումների իրականացմանը, մինչդեռ, օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքի տրանսպորտային միջոցների մատչելիությունն ապահովելու համար կտրվի ընդամենը 5մլն դրամ:
Չնայած քաղաքի բնակֆոնդի 80 տոկոսը մաշված է, իսկ երևանցիների մոտ 25 տոկոսն աղքատ, սակայն քաղաքապետարանը վթարային շենքերի քանդման հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին փոխհատուցման համար այս տարի ավելի քիչ գումար է նախատեսում՝ 450 միլիոն դրամ։ Սակայն գրեթե նույնքան գումար՝ 444 միլիոն դրամ, տրամադրվելու է ավտոկայանատեղերի կազմակերպումն իրականացնելու համար։
Քաղաքապետարանն առանձին բաժին է հատկացրել բազմաբնակարան շենքերի վերելակների սպասարկման խնդրին: Այստեղ զավեշտը առանձնահատուկ ծավալներ է ստանում: Այսպես. ամբողջ քաղաքի բնակելի շենքերի վերելակների հիմնանորոգման համար նախատեսվում է 108 մլն 770 հազար դրամ:
Մինչդեռ միայն մեկ՝ քաղաքապետարանի շենքում գտնվող վթարային վերելակը նորով փոխարինելու համար քաղաքապետարանը պատրաստ է ծախսել ամբողջ քաղաքին հատկացված գումարի շուրջ 70 տոկոսը՝ գրեթե 80 միլիոն դրամ: Սա այն դեպքում, երբ տարիներ ի վեր բազմաթիվ բնակելի շենքերի բնակիչները բողոքում են վերելակների անմխիթար վիճակից, իսկ ԱԻՆ-ը պարբերաբար ահազանգում է հերթական ողբերգական միջադեպի մասին:
Քաղաքապետարանի տրանսպորտային նյութերի ծախսը՝ քսուկներ, ավտոպահեստամասեր, քաղաքի հարկատուներիս վրա արժենում է մոտ 450 հազար դոլար, մինչդեռ սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական աջակցությանը կտրամադրվի ընդամենը 35 000 դոլար: Քաղաքի կենսագործունեության ամենակարևոր խնդրի՝ հանրային տրանսպորտի բարեփոխման վերաբերյալ 2018-ի բյուջեում գրեթե ոչինչ չկա:
Չնայած, նախորդ տարի նոր համակարգի ներդրման հարցում խորհրդատվություն տրամադրելու համար քաղաքապետարանը «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» ընկերությանը վճարել էր 850 հազար դոլար, կրկնենք՝ ոչ թե համակարգի ներդրման, այլ ընդամենը՝ խորհրդատվություն տրամադրելու: Մինչդեռ կարծես այդ թանկ խորհրդատվությունը հաջորդ տարի ևս թղթի վրա է մնալու: