Ստիպված եղա Ամանորը դիմավորել տաքսու մեջ` վարորդի հետ. Աննա Խաչատրյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ստիպված եղա Ամանորը դիմավորել տաքսու մեջ` վարորդի հետ. Աննա Խաչատրյան. life.panorama.am

Օրերս երգչուհի Աննա Խաչատրյանը հաճելի անակնկալ մատուցեց իր երկրպագուներին՝ ներկայացնելով ամենահայտնի ամանորյա երգերից մեկի՝ «Տոնածառ ջան, տոնածառ» երգի պարային տարբերակը: Life.panorama.am կապ հաստատեց երգչուհու հետ՝ զրուցելու տվյալ երգը նորովի ներկայացնելու մասին:

«Անկեղծ ասած՝ երկար չենք մտածել այս թեմայի շուրջ: «Տոնածառ ջան, տոնածառ» երգը նորովի ներկայացնելու միտքը եղել է Նիկ Եգիբյանինը, ում կողմից էլ եղել է առաջակը: Կարելի է ասել, որ այս երգի տվյալ տարբերակի պրոդյուսերը հենց Նիկն է»,- պատմեց Աննա Խաչատրյանը՝ նկատելով. «Կարծում եմ, որ չի գտնվի որևէ մեկը, ով ծանոթ չլինի այս երգին: Համենայն դեպս, մինչ այսօր, երբ մարդիկ լսում են «Տոնածառ ջան, տոնածառ»-ը, ուրախանում են, նրանց դեմքին ինքնըստինքյան ժպիտ է առաջանում: Երևի սա այն պատճառներից մեկն էր, որ ինքս էլ որոշեցի վերադառնալ մանկություն և կատարել այս երգը»:

Հարցին, թե ի՞նչ խորհուրդ ունի իր համար Ամանորը և թե այս տարիների ընթացքում ո՞ր Ամանորն է, որ մինչ այսօր հիշվում է որպես ամենահետաքրքիրը, երգչուհին պատասխանեց. «Ինչպես գիտեք, հատկապես երգիչ, երգչուհիները, ի տարբերություն մյուսների, Ամանորի գիշերը ուրախանալու, զվարճանալու, ընկերների, ընտանիքի անդամների հետ հավաքվելու փոխարեն աշխատում են, ինքս էլ այս հարցում բացառություն չեմ: Բարեբախտաբար, այս տարի ևս, ինչպես նախորդ տարիներին, ես աշխատանքի կլինեմ, ինչից երբեք չեմ դժգոհել: Ճիշտ է՝ Ամանորի գիշերը չենք անցկացնում ընտանիքի անդամների հետ, բայց հաջորդ առավոտյան, երբ արթնանում ես, քեզ բավարարված ես զգում՝ թե ֆիզիկապես, և թե ֆինանսապես»,- նշեց Աննան՝ շարունակելով. «Ամենահիշվող և հետաքրքիր Ամանորն ինձ համար, թերևս այն Ամանորն էր, որ ես ուղիղ կեսգիշերին գտնվում էի ճանապարհին, ինչի արդյունքում ստիպված եղա Ամանորը դիմավորել տաքսու մեջ և դրա վարորդի հետ: Կարծում եմ, որ միակը չեմ, գրեթե բոլոր երգիչների մոտ, վստահ եմ, որ նմանատիպ իրադրություններ եղել են, երբ կեսգիշերին կանգ ես առնում, դուրս ես գալիս մեքենայից և տիպված լինում շամպայն խմել վարորդի հետ»,- նկատեց երգչուհին:

Վերջինս ամփոփեց նաև անցնող 2017թ-ը, ինչպես նաև խոսեց Ամանորի գիշերը երազանք պահելու իր սովորության մասին: «Թեև այս տարվա սկզբին մի փոքր պասիվ էի, բայց արդեն վերջին ամիսների ընթացքում հանդիսատեսի դատին հանձնեցի միանգամից երկու աշխատանք:

Պետք է արձանագրեմ նաև, որ 2017թ-ի ընթացքում իմ կյանքում ինչ-որ լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Ես դեռ սպասում եմ իմ ասպետին: Գիտեք, ամեն տարի կեսգիշերին երազանք պահելիս հույս եմ ունենում, որ ինչ-որ լավ բան է անպայման տեղի ունենալու: Սա, կարծում եմ, բնորոշ է գրեթե բոլորին:Ես միշտ ցանկանում եմ, որ այն բացասական երևույթները, որոնք որ եղել նախորդ տարվա ընթացքում, այլևս չլինեն:Նույնիսկ այս դեպքում, սակայն, հասկանում եմ, որ ամեն ինչ, ինչ տեղի է ունեցել, իր հետաքրքրությունն է ունեցել և հենց դրանում էլ կայանում կյանքը: Իսկ թե, որն է այս տարվա իմ ցանկությունը, ապա ինչպես ինձ, այնպես էլ բոլորին ցանկանում եմ, որ իրենց անձնական և գործնական կյանքն այնպես դասավորվի, որ մեկը մյուսին չխանգարի: Ինքս երբեք չեմ առանձնացնում իմ անձնականը՝ գործնականից, քանի որ հենց այդ երկու կետն էլ իմ ընդհանուր կյանքն է»,- ասաց Աննա Խաչատրյանը:

Իսկ վերջում, Աննա Խաչատրյանն իր բարեմաղթանքը հղեց մարդկանց, իր հանդիսատեսին՝ նշելով. «Շնորհավորում եմ իմ շատ սիրելի ժողովրդին Ամանորի կապակցությամբ: Մաղթում եմ, որպեսզի նրանց հույսը լինի վառ, իսկ հավատը՝ երբևէ չմարի, մաղթում եմ համբերություն և բարեկեցություն»,- Life.panorama.am-ի հետ զրույցը եզրափակեց երգչուհին:

life.panorama.am