Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եղբայրը՝ Ռաֆայելը, նույնպես անդրադարձել է Հայաստանի լավագույն տասնյակի քվեարկությանը՝ նշելով իր անհամաձայնությունը։
«Ծիծաղելի է նայել Հայաստանի տասը լավագույն մարզիկների ցանկին։ Նրանցից շատերը արժանի չէին գտնվելու տասնյակի մեջ, ավելին քան Օլիմպիական խաղերի մեդալակիր, ծանրամարտիկ Գոռ Մինասյանը, ով այս տարի նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ և մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը, կամ Լևան Բերիանիձեն և Գեորգի Կետոևը, որոնք ըմբշամարտի Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում նվաճեցին բրոնզե մեդալներ։ Այսպես կարող եմ թվել ևս մի քանի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մեդալակիրների՝ Վալոդյա Ֆրանգուլյան, Գրիգոր Գրիգորյան, Ռուբեն Ալեքսանյան։ Վերը թվարկած մեր արժանի մարզիկները, ի տարբերություն տասնյակում գտնվող մի քանիսի իրենց թույլ չտվեցին ընկնել դռնեդուռ և խնդրել, որ քվեարկեն իրենց օգտին։ Ստացվում է, որ տասնյակում ընդգրկվել են «sms հավաքողներ», այլ ոչ թէ մարզիկներ, որոնք արժանի էին գտնվելու լավագույն տասնյակում։ Ինչ վերաբերվում է Հայաստանի լավագույն մարզիկին, կասեմ, որ Արթուր Ալեքսանյանը այս չորս տարիների ընթացքում եղել է լավագույնը և այս տարի ևս արժանի էր լավագույնը լինելու։ Զարմանալի է, որ չորս տարի անընդմեջ UWW – ի համաշխարհային վարկանիշային աղյուսակում լինելով առաջինը, իր երկրում երկրորդն է։ Ես շատ հարգում եմ Հենրիկ Մխիթարյանին, բայց նա չպետք է գտնվեր այս տասնյակում։ Նա անկասկած Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստն է, բայց իր երկրի համար ոչինչ չի նվաճել, որ արժանանար լավագույն տասնյակում գտնվելուն։ Այն, որ նա ճանաչում է բերել մեր երկրին, չի նշանակում, որ պետք է հայտնվեր Հայաստանի տաս լավագուն մարզիկների ցանկում։ Այս նույն տրամաբանությամբ տասնյակում կարող են ընդգրկվել աշխարհահռչակ նկարիչներ, դերասաններ, շոու-բիզնեսի աստղեր, ինչպես նաև մարզիկներ Գեղարդ Մուսասին ու Դավիթ Խաչատրյանը և անգամ Դան Բիլզիրյանը, չէ որ նա պոկերի աշխարհի չեմպիոն է։ Նրանք նույնպես ճանաչում են բերել մեր երկրին տարբեր ոլորտներում։ Կատակը կատակ, բայց Հայաստանի տաս լավագույն մարզիկների ցանկը, ըստ նվաճած մեդալների պետք է ունենար հետևյալ տեսքը՝
1. Արթուր Ալեքսանյան
2. Մաքսիմ Մանուկյան
3. Հովհաննես Բաչկով
4. Սիմոն Մարտիրոսյան
5. Գոռ Մինասյան
6. Լեվան Բերիանիդզե
7. Գեորգի Կետոև
8. Արթուր Թովմասյան
Իսկ վերջին 2 տեղերը չեմ նշում, քանի որ մեր մոտ կան Եվրոպայի առաջնություններում մեդալ նվաճած 3-4 մարզիկներ, ովքեր արժանի հավակնորդներ էին այդ տեղերին»։