Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի պայթյունը ահաբեկչություն է որակել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի պայթյունը ահաբեկչություն է որակել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունը ահաբեկչություն է որակել։ Այս մասին նա հայտարարել է Սիրիայում աչքի ընկած զինվորականների պարգևատրման արարողության ժամանակ։

«Դուք արդեն գիտեք, որ երեկ երեկոյան Սանկտ Պետերբուրգում ահաբեկչական գործողություն է իրականացվել»,– ասել է նա` իր ելույթի ժամանակ։ Սանկտ Պետերբուրգի պայթյունի հետևանքով տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, ևս 8 տուժածներ դեռևս հիվանդանոցներում են։

Պայթյունից տուժածներից հինգի վիճակը միջին ծանրության է, ևս 3-ի վիճակը գնահատվում է բավարար է։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է քաղաքի փոխնահանգապետ Աննա Միտյանինան։

​ Տուժածներին տեղափոխել են Ալեքսանդրովսկի, Մարիինյան և Ելիզավետինսկի հիվանդանոցներ։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան, Երևանի ժամանակով ժամը` 19:30–ին, ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Պերեկրյոստոկ» սուպերմարկետում պայթյուն է որոտացել։

Շենքից տարհանվել է 70 մարդ` այցելուներ և աշխատակիցներ: Վերջին տվյալների համաձայն` պայթյունի հետևանքով 13 մարդ է տուժել։

Պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է 200 գրամ տրոտիլային համարժեքով։ Պայթյունից խանութում փլուզումներ չեն եղել։

Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ պայթյունի բոլոր հավանական վարկածներն ուսումնասիրվում են։ Ներկա պահին աշխատանքներ են տարվում ականատեսների հետ,  քրեագիտական փորձաքննություն է իրականացվում, ուսումնասիրվում են տեսանկարահանող սարքերը։

Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2 մասով (համընդհանուր վտանգ ներկայացնող ձևով մի քանի անձանց վրա մահափորձ կատարելը)։

armeniasputnik.am