Ամանորին տիպիկ հայի նման սեղան եմ պատրաստում. Հելեն Ուդումյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ամանորին տիպիկ հայի նման սեղան եմ պատրաստում. Հելեն Ուդումյան. life.panorama.am

Մեր քաղաքի ամենախոհանոցասեր Հելեն Ուդումյանը, ով արդեն երկար ժամանակ է իրականացնում է «Kitchen with Helen» նախագիծը, Life.panorama.am-ի հետ զրույցում տոնական սեղանի համար հետաքրքիր և ամենակարևորը` տարբերվող բաղադրատոմս է առաջարկել, ինչպես նաև խոսել հայկական ավանդական առատ սեղանների և դրանց կարևորության մասին:

«Շատ եմ կարևորում ազգային ավանդույթները: Ինչպես հայկական, այնպես էլ այլ ազգերի խոհանցողները ճանաչելու դեպքում գնահատում եմ և փորձում եմ ընդունել ու ընկալել դրանք: Գլխավորը` կարողանալ սիրել յուրաքանչյուր ավանդույթ, յուրաքանչյուր ազգային ուտեսետ, որոնք կապված են մշակույթի հետ: Ինչ վերաբերվում է Ամանորին, ինձ համար այն ամենասիրելի, ամենագունավոր ու ամենահամով տոնն է: Այս տոնը ամենաընտանեկան տոնն է, ու մենք էլ հենց տանն ենք այն նշում: Մենք պարտադիր այդ օրը ունենում ենք գեղեցիկ տոնածառ ու համեղ ուտեստներ: Ի դեպ` ասեմ, որ Ամանորին տիպիկ հայի նման սեղան եմ պատրաստում, որտեղ պարտադիր տեղ է գտնում նրբաբլիթը, դոլման, մայրաքաղաքային աղցանը, խոզի բուդը ու այլն, բայց դրան զուգահեռ նաև ամեն տարի իմ սեղանին նոր ուտեստ է ավելանում, որը հայտարարում եմ` որպես տարվա նորամուծություն: Իհարկե, ընտրում եմ տարվա ընթացքում սովորածս բաղադրատոմսերից ամենահամահունչը այս սեզոնի համար»,- պատմեց Հելենը:

Համեղ խոհանոցի «գիտակ» Հելենը նշեց, որ վերջին տարիներին ամանորյա տարատեսակ ուտեստներ պատրաստելիս շատ է օգտագործում ավոկադո, մանգո, նոր սոուսներ, խեցգետին, տարբեր պաստաներ և այլն: Մեզ հետ զրույցում Հելենը հետաքրքիր բաղադրատոմսով կիսվեց և առաջարկեց այն պատրաստել Ամանորին ու ինչու ոչ, դրանով զարմացնել հյուրերին:

«Ծովամթերքով ուտեստ»

Բաղադրատոմս` 

– Բրինձ

– Ավոկադո

– Սաղմոն ձուկ

– Կարմիր խավիար

– Մանր ծովախեցգետին

– Աղ, պղպեղ

– Զեյթունի ձեթ

– Թթվասեր

– Լիմոն

– Սոյա սոուս

– Մաղադանոս

Պատրաստման եղանակը`

Բրինձը խաշել, համեմել աղով և զեյթունի ձեթով։ Մանր ծովախեցգետինը տապակել զեյթունի ձեթի մեջ, համեմել աղով և սոյա սոուսով։ Նույն թավայի մեջ տապակել սաղմոն ձուկը։ Երկու կողմը մի փոքր տապակելուց հետո սաղմոն ձկան վրա լցնել թթվասերի սոուսը (թթվասեր, աղ, պղպեղ, մանր կտրտած մաղադանոս)։ Ավոկադոն մաքրել, կտրատել փոքր քառակուսիներով և համեմել աղով, պղպեղով, լիմոնի հյութով ու զեյթունի ձեթով։ Ափսեի մեջ լցնել խաշած բրինձը, վրան լցնել ավոկադոն, կողքերը գեղեցիկ շարել տապակած ծովախեցգետինը, վրայից դնել սաղմոն ձուկը։ Զարդարել կարմիր խավիարով, լիմոնի բարակ շերտերով և մաղադանոսով։

Զրույցի վերջում Հելեն Ուդումյանը նշեց.

«Հունվար 1-ը և 2-ը ընկերներիս և հարազատներիս օրն է, նրանք գալիս են մեր տուն ու մենք մի լավ ուրախանում ենք: Միաժամանակ ասեմ նաև, որ Ամանորին ոչ շատ հյուր եմ ընդունում և ոչ էլ ես եմ շատ հյուրընկալվում: Այս տոնը դիտարկում եմ` որպես ընտանիքում հանգստանալու և ընտանիքիդ հետ երկար միասին լինելու օր, չէ որ ողջ տարվա ընթացքում ես ու ամուսինս շատ ենք աշխատում: Տաք տուն, վառ գույներ, տոնածառ, անկողին, սուրճ, երեխաներ ու լիքը սեր` ինձ համար Նոր տարին սա է»:

 



Նման նյութեր