ԱՄՆ-ում բոլորիս տներում պատրաստվում է բլինչիկ ու խոզի բուդ. Հրանտո. life.panorama.am
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում բոլորիս տներում պատրաստվում է բլինչիկ ու խոզի բուդ. Հրանտո. life.panorama.am

Ամերիկաբնակ երիտասարդ երգիչ Հրանտոն Life.panorama.am-ին պատմել է, թե ինչպես են օվկիանոսից այն կողմ հայկական ավանդույթներով նշում Ամանորը:

«Թեև Միացյալ նահանգներում դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշում են Սուրբ Ծնունդը, իսկ դեկտեմբերի 31-ը նրանց համար առանձնապես մեծ նշանակություն չունի, սակայն մեր և այստեղ ապրող հայկական մի շարք ընտանիքներում Ամանորը նշվում է դեկտեմբերի 31-ին: Սա պատճառն է նրա, որ թեև մեր ընտանիքը ապրել է ԱՄՆ-ում, ապա Ֆրանսիայում, հետո Հայաստանում, իսկ վերջին տարիներին` կրկին ԱՄՆ-ում, բայց միևնույն է, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ հայկական ավանդույթներին ու սովորույթներին, քանի որ այդ ամենը շատ ենք սիրում: Այստեղ ընկերներով դեկտեմբերի 25-ին պատահում է, որ նշում ենք Սուրբ Ծնունդը, բայց մեր ընտանիքում Սուրբ Ծնունդը տոնում ենք հունվարի 6-ին»,- պատմեց Հրանտոն ու ծիծաղով շարունակեց.

«Դեկտեմբերի 31-ից սկսվում են հայկական իրավիճակները: Հավատացնում եմ, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում բոլորիս տներում պատրաստվում է հայկական դոլմա, բլինչիկ, մայրաքաղաքային և բազուկով աղցան, իշլի քյուֆթա ու խոզի բուդ, իսկ միմյանց տներ հյուր գնալիս չենք մոռանում բոնբոներկան: Այստեղ մեզ Երևանում ենք զգում, խանութներում ամեն ինչ կա` սկսած հայկական լոռի պանրից, մինչև բաստուրմա ու սուջուխ»:

Հարցին, թե հայկական ավանդույթը չի՞ զարմացնում իրենց օտարերկրացի հարևաններին, պատասխանեց. «ԱՄՆ-ում նման դեպքի չեմ առնչվել, բայց այս առումով զավեշտալի այլ պատմություն կա: Երբ ընտանիքով ապրում էինք Ֆրանսիայում, Ամանորին մեր ֆրանսիացի հարևանները մեզ հրավիրեցին իրենց տուն, որտեղ հետաքրքիր իրավիճակում հայտնվեցինք. Նրանք սկզբում մեզ չիպսեր հյուրասիրեցին, ապա 40 րոպե անց աղցան բերեցին, դրանից 30 րոպե անց տաք ուտեստ, հետո ևս 30 րոպե անց հաց և պանիր բերեցին, իսկ ավելի ուշ դեսերտ հյուրասիրեցին,  ամենավերջում էլ ջուր բերեցին: Նրանք այդպես են տոները նշում, իսկ երբ նրանց մեր տուն հրավիրեցինք, և դիմավորեցինք հայերին հատուկ առատ սեղաններով, նրանք սկզբում անակնկալի եկան, զարմացան,  որ այդ ամենը մենք միանգամից ենք ուտում, բայց, երբ հաջորդ անգամ նրանց տուն գնացինք, մեզ հայերին հատուկ կերպով հյուրասիրեցին: Ես այդ դեպքն ամեն անգամ ծիծաղով եմ հիշում»:

Ամանորյա հիշողությունների մասին խոսելիս` Հրանտոն նկատեց. «Այս տոնն իմ ամենասիրելի տոներից է: Հիմա միայն մեկ բան կցանկանայի, որ Նոր տարվան Երևանում լինեի, քանի որ իմ ամենաջերմ հիշողությունները կապված են այդտեղի հետ: Գիտեք, այստեղ շատ բարեկամներ և ընկերներ ունենք, սեղաններին էլ հայկական ավանդական ուտեստներ են, բայց, միևնույն է, հայկական ջերմ շունչը չկա, միևնույն է, այստեղ ամեն ինչ օտար է: Այս տարի գործերիս պատճառով չկարողացա գալ Հայաստան, բայց հաստատ հաջորդ Ամանորին այդտեղ եմ լինելու: Նոր տարվա հետ կապված ամենավառ հիշողությունս Ձմեռ պապիկի կեղծ լինելու մասին է: Երբ փոքր էի` հավանաբար հինգ տարեկան, եղբորս ընկերը, Ձմեռ պապի հագուստը հագած, եկավ մեր տուն, որպեսզի ինձ անակնկալ մատուցի, բայց ես անմիջապես ճանաչեցի նրան ու այդ օրվանից սկսած այլևս չհավատացի Ձմեռ պապի գոյությանը, թեև երկար ժամանակ ձևացնում էի, թե հավատում եմ, որպեսզի ծնողներս ինձ լավ նվերներ տան: Հիշում եմ նաև, որ Ամանորին առաջինը գնում էինք տատիկիս և պապիկիս տուն, բայց տուն մտնելուն պես վազում էինք տոնածառի մոտ, որպեսզի վերցնենք մեր նվերները, իսկ խեղճ տատիս ու պապիս անգամ մոռանում էինք շնորհավորել»:

Հարցին`ավելի շատ սիրում է նվիրել, թե նվերներ ստանալ, նա անկեղծորեն պատասխանեց. «Չնայած, ինչպես յուրաքանչյուրը, ես էլ եմ սիրում նվերներ ստանալ, բայց խոստովանում եմ, որ շատ եմ նեղվում, երբ դիմացինս գումար է ծախսում ինձ նվեր գնելու համար: Իսկ այ ես շատ-շատ եմ սիրում նվերներ գնել և ուրախացնել մտերիմներիս»:

Ամփոփելով անցնող տարին` Հրանտոն նշեց. «2017-ն ինձ համար շրջադարձային տարի էր` ես ներկայացա որպես երգիչ, թողարկեցի շուրջ վեց տեսահոլովակ, ձեռք բերեցի նոր ու մնայուն ընկերներ, ինչու ոչ, նաև կորցրեցի մտերիմ ընկերների, ովքեր որոշեցին չընդունել իմ հաջողությունները: Ես գոհ եմ 2017-ից, քանի որ չէի սպասում, որ հենց  այս տարում կիրականանա երազանքս»:

Հրանտոյի ցանկությունն իր համար ընդամենը մեկն է. «Հիմա ես մի ցանկություն ունեմ` ունենալ Երևան գնալու մշտական տոմս, բայց քանի դեռ մարդկանց սոցիալական վիճակն այդտեղ այնքան էլ լավ չէ, հուսամ, որ գոնե ապագայում կիրականանա իմ ցանկությունը: Իսկ ընդհանուր առմամբ, ուզում եմ, որ Հայաստանը բարգավաճի, որպեսզի մարդիկ լավ ապրեն, քանի որ վատ ապրելուց գլուխ է բարձրացնում նախանձը: Ուզում եմ, որ մարդիկ ավելի բարի լինեն, սիրեն ու գնահատեն իրար: Ես շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը, թող 2018-ը խաղաղության տարի լինի, դադարեն պատերազմները, մայրերը երջանիկ լինեն, հաղթահարվեն սոցիալական դժվարությունները, իսկ ինձ մաղթում եմ, որ ձեռք բերեմ հանդիսատեսի սերը: Հավատացնում եմ, իմ բոլոր երազանքները կապված են Հայաստանի հետ, թող մեր երկրի վիճակն այնքան լավ լինի, որ բոլորս վերադառնանք այդտեղ: Թեև ես ծնվել ու ապրում եմ ԱՄՆ-ում, բայց այստեղ ես օտար եմ, ես Հայաստանն եմ ուզում»:

life.panorama.am



Նման նյութեր