Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճի ժամանակ Հիլարի Քլինթոնի ունքին նստած ճանճը մեծ հետաքրքրություն է առաջացրել սոցցանցերում, տեղեկացնում է The Hill-ին: Լրագրողները նշում են, որ Քլինթոննն ուշադրություն չի դարձրել միջատին եւ շարունակել է խոսել:
Ճանճի հետ կապված միջադեպը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել Twitter-ում եւ Facebook-ում՝ դառնալով հեռուստաբանավեճի արդյունքների շուրջ ամենաքննարկվող թեմաներից մեկը: Միջատի համար նույնիսկ մի քանի հատուկ հաշիվ են բացել Twitter-ում:
ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Սենտ Լուիսում Վաշինգտոնի համալսարանում: CNN-ի եւ ORC ընկերության կատարած բլից հարցման մասնակիցների կարծիքով՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը շահել է իր հակառակորդի` Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի հետ բանավեճը: Քլինթոնին հաղթող է համարել 57 տոկոսը, Թրամփին՝ 34 տոկոսը: Հարցին՝ ինչպես ելույթ ունեցավ Թրամփը, 63 տոկոսը պատասխանել է՝ ավելի լավ, քան անցած բանավեճում, 21 տոկոսը՝ ավելի վատ, 15 տոկոսը՝ նախորդի պես:
Հարցումն անցկացվել է 537 մասնակիցների շրջանում:
Մինչդեռ Թրամփի շտաբը հայտարարել է իր առաջնորդի հաղթանակի մասին: «Շնորհավորում եմ իմ գործընկերոջը բանավեճում տարած մեծ հաղթանակի կապակցությամբ»,- Twitter-ում գրել է Մայք Փենսը, որը Թրամփի կողմից առաջադրվել է որպես փոխնախագահի թեկնածու:
Իր հերթին Քլինթոնի շտաբը Twitter-ում գրել է. «Հիլարին հաղթեց այսօր երեկոյան», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: