Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր անձնական կյանքի՝ մասնավորապես ռուսաստանաբնակ հայ հայտնի ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հետ ամուսնության մասին, հայտնում է kp.ru-ն։
Նրանց ծանոթությունը տեղի է ունեցել շատ անսպասելի՝ սոցցանցում։
«Մի անգամ «Ֆեյսբուք» սոցցանցում կարդացի՝ «Բարև ձեզ, Մարգարիտա։ Տիգրան Քեոսայանն է։ Ես ձեզ վաղուց համակրում եմ որպես հայրենակից և լրագրող»… Սկզբում չհավատացի, որ դա իսկապես Քեոսայանն է… Համացանցում քիչ չեն «ֆեյքերը»։ Ինչո՞ւ պետք է ինձ գրեր հայտնի ռեժիսորը»,- պատմել է Մարգարիտա Սիմոնյանը։
Նրանք խոսել են, հեռախոսահամարներով փոխանակվել և օրերից մի օր հանդիպել, ճաշել։
«Երևի ճաշն այնքան համեղ էր, որ որոշեցինք էլի ու էլի ճաշել, նաև՝ ընթրել»,- կատակել է նա։
Եվ հանդիպումների արդյունքում երկուսն էլ գիտակցեցին, որ չեն կարող ապրել առանց իրար։
«Ես երբեք չեմ ցանկացել ամուսնանալ, երեխաների մասին մտքերը թողնում էի երեսունից հետո։ Երևի բանն այն էր, որ մանուկ ժամանակ չէի տեսնում երջանիկ ամուսնական զույգերի։ Ինձ թվում էր, որ ամուսնացած կինը դժբախտ ու մոռացված արարած է։ Այնուհետ իմ կյանք ներխուժեց Քեոսայան անունով ցունամին»,- անկեղծացել է Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը։
Նա պատմել է, որ երբ իմացել է, որ հղի է, շոկի է մատնվել, 3 ամիս արտասվել է։ Դստեր ծնվելուց 5 ամիս անց նա հղիացել է Բագրատով։ Այս անգամ արդեն ուրախացել է։
«Մայրությունն ամենաբարդ բանն է, որով ես երբևէ զբաղվել եմ»,- անկեղծացել է Սիմոնյանը։
Դստեր ծնվելուց հետո արձակուրդում է գտնվել ընդամենը մեկ ամիս, իսկ որդու ծնվելուց հետո ընդհանրապես արձակուրդում չի գտնվել։ Ծննդատնից դուրս գրվելուց հետո որդուն տուն է տարել ու գնացել աշխատանքի։