Ներկայումս Երևանի ստացիոնարներում մոտ 360 երեխա բուժում է ստանում՝ հիմնականում 0-ից 2 տարեկան փոքրիկներ: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի շնչառական ու հատուկ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի ղեկավար Լիանա Թորոսյանը:
Նա հավելել է, որ ստացիոնարներում բուժում ստացող երեխաների թվում չկան ծանր հիվանդներ և դինամիկան դրական է:
«Եթե դեկտեմբերին մենք գործ ունեինք գրիպի վիրուսի հետ, ապա այսօրվա վիճակը պայմանավորված է ռեսպիրատոր-սցինտիցիալ վիրուսներով և նրանց նկատմամբ հատկապես զգայուն են երեխաները», – ասել է նա: Մասնագետի խոսքով, քանի որ տոնական օրերին պոլիկլինիկաները լրիվ ծանրաբեռնվածությամբ չեն աշխատել, հիմնական ծանրաբեռնվածությունն ընկել է հիվանդանոցների վրա:
«Եթե նայենք վիճակագրությանը, ապա ստացիոնար դիմածների միայն 10 տոկոսն է ենթակա հոսպիտալացման, մյուսները ամբուլատոր օգնության կարիք ունեն», – ասել է նա:
Երեխաները հոսպիտալացվել են հիմնականում սուր շնչառական վիրուսային վարակների բարդություններով՝ բրոնխիտով, բրոնխիոլիտով, օբստրուկցիայով, կան նաև թոքաբորբի դեպքեր: Երեխաները հոսպիտալացվում են նաև բարձր ջերմությմաբ:
Փորձագետի խոսքով՝ հանրապետության մարզերում իրավիճակն ավելի բարվոք է, քան Երևանում, քանի որ մայրաքաղաքում մի շարք պատճառներով հիվանդությունների դեպքերը միշտ բարձր են: Հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնում է Երևանի մի քանի մանկական հիվանդանոցների և բժշկական կենտրոնների վրա, որտեղ կան մանկական բաժանմունքներ:
Լիանա Թորոսյանը հավելել է, որ այս իրավիճակը բնական է այս սեզոնի համար և խուճապի պատճառ չկա: Նախորդ տարիներին եղել են և ավելի բարդ իրավիճակներ, օրինակ, 2015 թվականի սկզբին, երբ հիվանդանոցներում կային նաև շատ մեծահասկաներ:
Մասնագետի խոսքով՝ դպրոցների և մանկապարտեզների փակման մասին դեռ խոսք լինել չի կարող, դրա համար չկան ցուցումներ, քանի որ հիմնականում հիվանդացել են ամենափոքր տարիքի երեխաները:
Լիանա Թորոսյանը հիշեցրել է, որ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնը ամենօրյա մոնիթորինգ է իրականացնում և հետագա որոշումները կընդունվեն ըստ իրավիճակի:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ամանորյա տոների ընթացքում երևանյան հիվանդանոցներ են ընդունվել մեծ թվով երեխաներ գրիպով և ՍՇՎ-ով: Լիանա Թորոսյանի տվյալներով՝ հունվարի 4-ին Երևանի ստացիոնարներում մինչև 14 տարեկան մոտ 400 երեխա բուժում է ստացել: