Թուրքիայում կայացած դահուկավազքի մրցումներին գյումրեցի մարզուհին զբաղեցրել է առաջին տեղը
Advertisement 1000 x 90

Թուրքիայում կայացած դահուկավազքի մրցումներին գյումրեցի մարզուհին զբաղեցրել է առաջին տեղը

Թուրքիայի Էրզրում քաղաքում անցկացված դահուկավազքի մրցաշարին մասնակցել են նաև հայ մարզիկները: Գյումրեցի Աննա Մխիթարյանը հաղթող է ճանաչվել 10 կմ ազատ ոճում:

2017 թվականի դեկտեմբերի 31-ից 2018 թվականի հունվարի 3-ը Թուրքիայի Էրզրում քաղաքի «Kandilli» մարզաբազայում կայացած դահուկավազքի ՖԻՍ մրցաշարում, որը համարվում էր նաև 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցում, փայլուն են հանդես եկել Գյումրու Լյուդվիգ Մնացականյանի անվան Ձմեռային մարզաձևերի հանրապետական մարզադպրոցի սաները։

Մարզադպրոցի սան Աննա Մխիթարյանը 10 կմ ազատ ոճում գրավել է 1-ին տեղը, իսկ մարզադպրոցի սաներ` Աննա Ռաշոյանը՝ 6-րդ, Մյասնիկ Ղարիբյանը՝ 7-րդ, Նելլի Խաչատրյանը՝ 12-րդ տեղերը։

«Մրցումներին մասնակցել էր 15 երկիր, գյումրեցի 21-ամյա Աննան Հայաստանի կանանց դահուկավազքի պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել միջազգային մրցումներում՝ 10 կմ ազատ ոճում հավաքելով 127 միավոր՝ Էրզրումում պատվո պատվանդանին բարձրացնելով հայկական դրոշը: Ամենահուզիչը հայկական հիմնն էր»,- նշել է մարզիչը՝ Սլավիկ Սարգսյանը, հավելելով, որ Աննան սրանով նվաճել է օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքը, իսկ մինչ այդ կմասնակցի Հայաստանի առաջնությանը:

Աննայի մայրը՝ Անահիտ Մխիթարյանը ևս զբաղվել է դահուկավազքով, դահուկավազքի մարզիչ է: