Ինչպես են հայ զբոսաշրջիկներին խաբում Եգիպտոսում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ինչպես են հայ զբոսաշրջիկներին խաբում Եգիպտոսում. armeniasputnik.am

Եգիպտական որոշ տուրօպերատորներ խաբում են հայ զբոսաշրջիկներին` օգտագործելով նրանց անուշադրությունը կամ միամտությունը։

Եգիպտոսը հանգստի ամենահայտնի ուղղություններից մեկն է, հատկապես, եթե ուզում եք ձմռանը պառկել լողափին։

Զբոսաշրջային գործակալությունները, որոնք ձմռանը թռիչքներ են առաջարկում Հայաստանից եգիպտական Շարմ էլ Շեյխ, բավական շատ են (Երևանից Հուրգադա չարթերային թռիչքներ չկան)։

Դրանց մեծամասնությունը միջնորդներ են, որոնք պայմանագիր են կնքում հայկական որևէ ընկերության հետ, վերջինն էլ չարթերային ինքնաթիռ է վարձում։ Այդ ընկերությունն իր հերթին պայմանագիր է կնքում եգիպտական միջնորդների հետ, որոնք արդեն տեղում պատվիրում են հյուրանոցային համարներն ու դիմավորում հանգստացողներին։

Հենց այստեղ էլ վտանգ կա, որ ձեզ փորձում են խաբել։ Բանն այն է, որ Շարմ էլ Շեյխում կա մոտավորապես 160 հյուրանոց, որոնցից շատերը 5-աստղանի են և պատկանում են մի ցանցի, բայց միաժամանակ կարող են զգալիորեն տարբերվել գնով և պայմաններով։ Անուշադիր զբոսաշրջիկներին կարող են նույն անվանումով այլ հյուրանոց տրամադրել։

Sputnik Արմենիայի թղթակիցը «նենգափոխման» ականատես դարձավ։ Նախօրոք ընտրված հյուրանոցի փոխարեն Եգիպտոս ժամանելուց հետո միջնորդ ընկերություններից մեկը (պայմանական A ընկերությունը) զբոսաշրջիկներին ուղեկցեց բոլորովին այլ հյուրանոց։

Դա նույն ցանցի հինգաստղանի հյուրանոց էր, բայց ավելի էժան և պակաս հարմարավետ։ Զբոսաշրջիկներին ուղեկցող զբոսավարը հայտարարեց, որ իբր նրանց համար համարներ են պատվիրել տվյալ հյուրանոցում։

Զբոսաշրջային գործակալություն զանգահարելուց հետո, որտեղ ի սկզբանե պատվիրել էին ուղեգիրը, հետո էլ N կազմակերպություն, որն իր հերթին բաշխել էր պատվերները Շարմ էլ Շեյխի մյուս ընկերությունների միջև, պարզվեց, որ եգիպտացիներին ամեն ինչ ճիշտ է հաղորդվել (համենայն դեպս այդպես են պնդել N ընկերությունից)։

Հյուրանոցում մեկուկես ժամ սպասելուց հետո, որտեղ զբոսաշրջիկներին ցանկանում էր տեղավորել А ընկերության զբոսավարը (ամենահետաքրքիրն այն է, որ ամեն կերպ առաջարկում էր բնակվել «մինչև հանգամանքները պարզելը»), նա լքեց զբոսաշրջիկներին` խոստանալով «վերադառնալ, եթե ամեն ինչ պարզվի»։

Հայաստանից հաղորդեցին, որ կրկին կապ հաստատեցին եգիպտական տուրօպերատորի հետ, որը հայտնել է` ամենայն հավանականությամբ, «սխալմունք» է եղել։ Եվս կես ժամ հետո ժամանեց А ընկերության զբոսավարը, որը հանգստացողներին տարավ նրանց կողմից նախօրոք ընտրված հյուրանոց։ Ամենայն հավանականությամբ, անցած 2 ժամերի ընթացքում տուրօպերատորը «զրոյից» պատվիրել էր անհրաժեշտ հյուրանոցի համարները։

Սա միակ դեպքը չէ։ Մյուս հանգստացողներն ասացին Sputnik Արմենիային, որ դեպքեր են եղել, երբ զբոսաշրջիկներին ուղեկցել են այլ հյուրանոց պատվիրած հյուրանոցի «տեղերը չբավականացնելու» պատճառով կամ որպես «ափգրեյթ» ավելի լավ պայմաններ տրամադրել։

Փորձը ցույց է տալիս, որ զբոսաշրջային օպերատորներին լիովին վստահելը կամ այն հույսը, որ նրանք ամեն ինչ կկազմակերպեն, և դուք միայն կհանգստանաք, միշտ չէ, որ արդարացնում է իրեն, հատկապես Եգիպտոսում։

Պետք է նկատի ունենալ, որ եգիպտական տուրօպերատորի զբոսավարի առաջարկած էքսկուրսիաներն ավելի թանկ են, քան տեղի շուկայում առաջարկվողները։ Լավագույն տարբերակը մեկն է. պետք է պայմանավորվել անմիջապես հյուրանոցի հետ, որը կարող է առաջարկել տեղի ընկերություններից ոչ այդքան թանկ էքսկուրսիաներ, բայց դուք ավելի հանգիստ կլինեք։

Բացի այդ, տուրօպերատորի զբոսավարները փորձում են ձեզ «հրամցնել» տարատեսակ ապրանքներ` զգալիորեն բարձր գնով։

Հետևություն. պարզեք ուղևորության բոլոր մանրամասները, թե ինչպիսի լրացուցիչ ծախսեր են ձեզ սպասում։ Եվ հիշեք` զբոսաշրջային վայրերում գներն անվանական են. վաճառողը կարող է իրական արժեքից 2-ից մինչև 15 անգամ բարձր գին ասել (կախված նրանից, թե ձեզ որքան հեշտ է համոզելը)։ Նրանք հազվադեպ են միանգամից գին ասում, սկզբից գովաբանում են ապրանքը` փորձելով հասկանալ ձեր տրամադրվածությունը և վճարելու պատրաստակամությունը։

Բացի այդ, չարթերային չվերթը կարող է ուշանալ անգամ հինգ ժամով և տհաճորեն զարմացնել «էքստրեմալ թռիչքով»։

armeniasputnik.am