Տարեվերջին երգչուհի Անժելա Բարխուդարյանն ու երգիչ, երգահան Րաֆֆի Ալթունյանը ներկայացրին իրենց համատեղ զուգերգը, որը Life.panorama.am-ն արդեն ներկայացրել է: Իսկ այսօր մենք զրուցել ենք Անժելայի հետ և տեղեկացել, թե ինչպես է ստեղծվել «City of Memories» երգն ու տեսահոլովակը:
«Ամեն ինչ շատ պատահական և ինքնաբերաբար ստացվեց: Րաֆֆին շատ լավ գիտեր, որ տատիկս վրացուհի է, ես ծնվել ու մեծացել եմ Վրաստանում, և քանի որ իր արմատները ևս տանում են Վրաստան, ուստի իր գաղափարով որոշեցինք վրացերեն երգ ներկայացնել, որը կպատմեր մեր հիշողությունների մասին: Երգը ստեղծվել էր դեռ ամռանը, երաժշտությունը հենց Րաֆֆին է գրել, իսկ խոսքերի հեղինակը ինձ շատ հարազատ մի մարդ է, ով չի ցանկանում իր անունը հրապարակել, նրան տատիկիս ազգանունով ենք ներկայացրել, բայց իրականում նա հայ է: Այստեղ ինձ համար կարևորն այն հանգամանքն է, որ նա ինձ շատ լավ է ճանաչում, ու երգի խոսքերում դա ակնհայտ երևում է, քանի որ իմ մանկությունն է նկարագրում: Ի դեպ` մենք այս աշխատանքը պետք է դեռ վաղուց ներկայացնեինք, պարզապես ձգձգվեց, քանի որ գործիքավորող Ազատ Մխիթարյանը Հայաստանում չի ապրում և հեռավորության վրա աշխատելը փոքր-ինչ բարդ էր»,- նշեց նա:
Անժելա Բարխուդարյանի խոսքով`ինքն ու Րաֆֆին սկզբում մտադրություն չեն ունեցել այս երգը տեսահոլովակով ներկայացնել, սակայն ռեժիսոր Արթուր Մելքոնյանը, երգի պատրաստի տարբերակը լսելուց հետո, առաջարկել է հենց Վրաստանում էլ տեսահոլովակ նկարահանել:
«Այս պարագայում ևս ամեն ինչ արագ ստացվեց: Որոշեցինք և դեկտեմբերի 18-ին մեկնեցինք Թբիլիսի: Հասնելուն պես` երեկոյան առաջին կադրերը նկարահանեցինք, հետո առավոտյան շարունակեցինք նկարահանումների մի մասն ու վերադարձանք Երևան: Դե իսկ պարային հատվածներն իրականացրին Մարզահամերգային համալիրի տարածքում: Ի դեպ` ուզում եմ շնորհակալություն հայտնել «Larisa Dance Studio»-ին, ովքեր շատ գեղեցիկ ներկայացրին վրացական մշակույթը»,- հավելեց նա:
Անժելայի խոսքով` սա իրենց համար հաճելի աշխատանք է եղել, և չեն սպասել մեծ արձագանքների, բայց անակնկալ կերպով նրանց տեսահոլովակը գրավել է վրացիների ուշադրությունը:
«Անկեղծ եմ ասում, սա մեր կողմից պարզապես հաճելի աշխատանք էր, մենք չէինք էլ սպասում, որ այն պետք է հիթ դառնա, բայց, ի զարմանս մեզ, այն արդեն իսկ գրավել է վրացական մամուլի ուշադրությունը: Մեր տեսահոլովակը հայտնվել է նրանց կայքերում, որտեղ գրվում է, թե հայ երգիչները, ի նշան մեր բարեկամական կապի, վրացերեն ստեղծագործություն են ներկայացրել»,- նշեց երգչուհին ու շարունակեց.
«Վրացերեն երգ ունենալն ու դրանով մտովի մանկությունս վերադառնալն իմ վաղեմի ցանկությունն էր: Հոգու խորքում միշտ էլ մտածել եմ, որ մի օր ես անելու էի դա, և այսօր ուրախ եմ, որ ցանկությունս իրականություն է: Հատկապես ուրախ եմ, որ երգում եմ նաև մայրիկիս մասին, ով արդեն վաղուց չկա»:
Հարցին, թե նոր երգն ու տեսահոլովակը կարո՞ղ է նոր մեկնարկ լինել երգչուհու կարիերայի համար, պատասխանեց.
«Ոչ, սա վերադարձ չէր, ոչ էլ դրա իմաստը տեսնում եմ: Չփնովելով ոչ մեկին` ուղղակի կարող եմ ասել, որ այսօրվա հայկական շոու բիզնեսում տիրող իրավիճակում ես աշխատել չեմ կարող: Հիմա արաբաթուրքական մելիզմներն են իշխում, դրանք են հիթեր համարվում, որոնք բացարձակապես ինձ հետ կապ չունեն. ավելի լավ է ոչինչ չանեմ»:
Անդրադառնալով տոնական օրերին` Անժելա Բարխուդարյանը նշեց, որ Ամանորն ու Սուրբ Ծնունդն իր ամենասիրելի տոներն են: Երգչուհին խոստովանեց, որ սիրում է տոները նշել ավանդական կերպով, նաև իր շնորհավորանքն ու բարեմաղթանքը հղեց բոլորին.
«Շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Գլխավորը մաղթում եմ խաղաղություն, որովհետև դա ամենակարևորն է: Թող որ բարին մեզ իշխի, երջանիկ լինենք, և որ մեր հայ ժողովուրդը վերջապես կարողանա ապրել, այլ ոչ թե գոյատևել: Դե իսկ մեր հանդիսատեսին էլ կխնդրեմ մեր տեսահոլովակին շատ քննադատորեն չմոտենալ»,- ժպիտով ավարտեց Անժելան: