Երևանի «Փյունիկ»-ի ավագ Դավիթ Մանոյանը երևանյան թիմից հեռանալուց հետո հրաժեշտի խոսքեր է ասել հարազատ ակումբին: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հարազատ ՖԱ Փյունիկին: Առաջին անգամ ես ոտք դրեցի այս ակումբ 20 տարի առաջ ու հիմա հեռանում եմ որպես գլխավոր թիմի ավագ, Ազգային հավաքականի ֆուտբոլիստ և Հայաստանում բոլոր հնարավոր տիտղոսներն իմ թիմի հետ նվաճած: Գիտեմ, որ դեռ շատ վաղուց պետք է տեղափոխվեի, բայց անսպասելի վնասվածքներն ու դրանց հաջորդած վիրահատություններն անընդհատ խանգարում էին: Կարևորն այն է, որ ես չհանձնվեցի ու համոզված եմ՝ լավագույնը դեռ առջևում է:
Շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանը, բոլոր մարզիչներին ում հետ երբևէ աշխատել եմ, բոլոր ֆուտբոլիստներին ում հետ խաղացել եմ: Շատ ուրախ եմ լինել այս ընտանիքի մի մասնիկը և հպարտ եմ, որ իմ ներդրումն ունեմ Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբի պատմության մեջ», – ասել է Մանոյանը:
Մանոյանը կարիերան շարունակելու է Կիպրոսի «Կարմիոտիաս» թիմում: