Արարատի մարզում «Ջերմուկ ՇԻՆ» ՓԲԸ-ի տնօրենը BMW X5-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը 27 մետր շպրտվել է. նա տեղում մահացել է. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արարատի մարզում «Ջերմուկ ՇԻՆ» ՓԲԸ-ի տնօրենը BMW X5-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը 27 մետր շպրտվել է. նա տեղում մահացել է. shamshyan.com

Երեկ՝ հունվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի բնակիչ, 56-ամյա Կորյուն Ստեփանյանը իր վարած BMW X5 մակնիշի 777 TV 07 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 337-րդ կմ հատվածում՝ Արարատի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված 60-70 տարեկան տղամարդու:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս տեղում մահացել է: Վարորդը ահազանգել է 1-03 բժշկական կենտրոն, այնուհետև Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի և Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրի տեղազննության ժամանակ պարզվեց, որ վրաերթի ենթարկվածը 27 մետր շպրտվել էր: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Ահարոն Սաֆարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի հանձնարարականով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, ենթարկվել բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Կ. Ստեփանյանը աշխատում է «Ջերմուկ ՇԻՆ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն:

shamshyan.com