Լոռու մարզի Ջրաշեն գյուղի դպրոցի տնօրեն Վաչագան Մխիթարյանը մանրամասներ հաղորդեց հունվարի 9-ին գյուղի դպրոցի տարածքում հայտնաբերված նռնակի մասին: Նրա խոսքով` դպրոցի տարածքում նռնակը հայտնաբերել են 5-րդ դասարանի աշակերտները և անմիջապես հայտնել օրվա հերթապահին, ով զանգահարել է փրկարարական ծառայություն և ոստիկանություն:
«Նռնակը հայտնաբերվել է դպրոցի մասնաշենքից բավականին հեռու, և դպրոցի տարհանման կարիք չի եղել: Ներկայումս փրկարարները տարածքը արգելափակել են և սպասում են սակրավորական խմբին»,- նշեց դպրոցի տնօրենը:
Ըստ Մխիթարյանի` նռնակի վնաս հասցնելու շառավիղը 25 մետր է:
Ավելի վաղ, ԱԻՆ լրատվական ծառայությունը հայտնել էր, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի դպրոցի զուգարանի մոտ հայտնաբերվել է նռնակ:
Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ: