Սուր շնչառական վարակներով պայմանավորված բժշկական կենտրոններ դիմողների հոսքն այդպես էլ չի դադարում: Երևանում մանկական բուժհաստատությունները վերջին շրջանում աշխատում են գերծանրաբեռնված: «Արաբկիր» բժշկական կենտրոնում սուր շնչառական վարակներով դիմող քաղաքացիների թվի աճ նկատվել է դեռևս դեկտեմբեր ամսվա երկրորդ կեսից, իսկ արդեն 2018 թվականի սկզբին այն հասել է իր գագաթնակետին:
Այսօր այցելելով Արաբկիր բժշկական կենտրոն, Armlur.am-ի նկարահանող խումբը նկատեց գրություններ, որոնք փաստում էին, որ ազատ հիվանդասենյակներ չլինելու պատճառով քաղաքացիների ընդունելությունը ժամանակավորապես դադարեցված է: Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի ղեկավար Գոհար Ձվակերյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե տարեվերջից մինչ այսօր եղել է օր, երբ բուժհաստատություն դիմողների թիվը մեկ օրում գերազանցել է 150-ը:
Եվ չնայած ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սուր շնչառական վարակների և գրիպի տարածվածությունը համահունչ է սեզոնին, սակայն դեպի բժշկական կենտրոններ հոսքն այդպես էլ չի դադարում ու հիվանդների քանակն էլ կարծես չի պակասում: Պարզապես անհասկանալի է նախարար Լևոն Ալթունյանի և նախարարության հանգիստ կեցվածքը այս իրավիճակում, երբ անգամ մասնավոր հիվանդանոցներն են հրաժարվում հիվանդներին ընդունել:
Ներկայումս մայրաքաղաքի մանկական հիվանդանոցներում հոսպիտալացված 360 հիվանդների մեծ մասը` 0-2 տարեկան երեխաներ են: Հավելենք, որ գրիպի համաճարակը տիրել է Եվրոպային: 2017 թվականի վերջին երկու ամիսների ընթացքում երկրում գրիպից մահացության 31 դեպք է գրանցվել։
Գրիպի համաճարակ է գրանցվել նաև Շվեյցարիայում, Իսպանիայում, Նիդերլանդներում և Թուրքիայում։ Գրիպը մոլեգնում է նաև ԱՄՆ 36 նահանգներում։ Միայն Վաշինգտոնում արդեն քսան մահ է գրանցվել։ ՉՆայած վերը նշված տվյալներին, ՀՀ առողջապահության նախարարությունից փաստում են, որ ՀՀ-ում մահացության դեպք դեռևս չի գրանցվել: