Հաղորդավար Ժակն ընտանիքի հետ Ամանորին մեկնել էր Դուբայ, որտեղ նրանք վայելել են ծովափնյա հանգիստն ու լավ ժամանակ անցկացրել։ Ժակը Tert.am Life-ին է տրամադրել հանգստի լուսանկարները և պատմել, որ հանգստի մեկնել էին Ամանորը Հայաստանում դիմավորելուց հետո։
«Ամանորի գիշերը տանն էինք։ Մենք կարևորում ենք Ամանորը տանը դիմավորելը։ Երբ տանը չես լինում, նույնիսկ, եթե ջեռուցումը միացած ես թողնում, տունը սառչում է։ Կարծում եմ` Ամանորի գիշերը պետք է տանը պահել այդ ջերմությունը»,- ասաց հաղորդավարը։ Նա նկատեց, որ փորձում են պահել ավանդույթները, միաժամանակ հետ չմնալ ժամանակակից սովորույթներից։ Այնպես որ, հունվարի 1-ին ընտանիքի հետ մեկնել են Դուբայ։
«Դուբայի մասին անընդհատ լսում ենք։ Աննորմալ մասշտաբային, ֆանտաստիկ, շքեղ, ատրակցիոների ու զվարճանքների քաղաքը մոտ 40 տարվա պատմություն ունի, սակայն ապշելու բան է։ Ուզում ես ինքդ տեսնել այդ մասշտաբները և ոգևորությունը, որ մարդիկ ունենում են այդ քաղաքում։ Չեմ կարող ասել, որ զարմացած էի, սակայն հետաքրքիր ուղևորություն էր»,- նշեց նա ու հավելեց, որ շարունակում է իրեն համարել եվրոպական քաղաքների սիրահար։
Հաղորդավարի ընտանիքի փոքրիկ անդամը` մեկուկես տարեկան Ժակլինը, իրեն խելոք է պահել ուղևորության ընթացքում։ «Սովորաբար, երեխաների հետ կարիքները շատ են լինում, սակայն մեր փոքրիկը կազմակերպված է, շարժվում է գրաֆիկով և հանգիստը նրա հետ անհնար չէ։ Ժակլինի առաջին ծանոթությունն էր ծովափի հետ։ Նա դարձել էր ամբողջ հյուրանոցի ու ծովափի ուրախությունը, ոգևորվում էին բոլորը, նույնիսկ, ամենանամրոտ մարդիկ։ Միայն քնելուց առաջ էինք կես ժամ «համերգի» ականատես լինում»,- պատմեց հայրիկը։
Խոսելով 2018-ից սպասելիքների մասին` հաղորդավարը պատմեց, որ զգացողություններն առայժմ խառն են։ Տոներից հետո փորձում է վերադառնալ աշխատանքային գրաֆիկի։ Նա նկատեց, որ ամեն տարին նշանավորվում է 1-2 մեծ նախագծով, լիահույս է, որ 2018-ը ևս բացառություն չի լինի։