Երևանում հունվարի 8-ին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել «ԲՄՎX6» մակնիշի վարորդ Ս.Վարդանյանին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախնական քննության տվյալներով՝ հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի և «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա.Դավթյանը և ուղևոր՝ ոստիկանության լեյտենանտ Խ.Գասպարյանը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել են։
Ավտովթարից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս.Վարդանյանին այսօր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածով՝ 2 մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։ Քննիչը միաժամանակ որոշում է կայացրել՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։