Չնայած տոնական օրերին փորձում ենք զերծ մնալ առօրյա, ոչ տոնական լուրերից, սակայն թե՛ կյանքը, թե՛ իրադարձություններն իրենց բնականոն հունով առաջ են ընթանում՝ հաշվի չառնելով ո՛չ տոն, ո՛չ տրամադրվածություն։ Մինչ հին տոմարով Ամանորի նշելը և աստիճանաբար սովորական առօրյային վերադառնալուն զուգահեռ՝ փորձենք ամփոփել, թե ինչ իրադարձություններով է նշանավորվել 2018-ի տարեմուտն աշխարհում։
Եղանակային անոմալիաներ ողջ աշխարհում
Նոր տարին Հայաստանում դիմավորեցինք անսովոր եղանակային պայմաններում․ մարտյան արևային ու տաք եղանակով։ Բայց եղանակային տարօրինակությունը միայն Հայաստանում չէ, որ դրսևորվել է։ Եվրոպայում, մասնավորապես՝ Ֆրանսիայում և Շվեյցարիայում, տարեմուտը նշանավորվել է վերջին 7 տարում արձանագրված ամենաուժգին ձնաբքով։ «Էլեոնոր» անվանակոչված փոթորկի ուժգնությունը հասել է մինչև 200 կմ/ժամ։ Աղետի հետևանքով շուրջ 200 հազար մարդ է հոսանքազրկվել, երկու տասնյակից ավելի մարդ տուժել է, հնարավոր չի եղել խուսափել նաև զոհերից։ Ուժգին քամին Շվեյցարիայում ռելսերից դուրս է բերել նաև մարդատար գնացքի վագոններից մեկը։ Ձնաբքի պատճառած վնասը միայն Ֆրանսիայում գնահատվել է 200 մլն եվրո։
Բողոքի ցույցեր Իրանում
Տարվա առաջին օրերն աչքի են ընկել ոչ միայն եղանակային անսովոր դրսևորումներով։ Իրանում դեկտեմբերի վերջին և հունվարի առաջին օրերն աչքի ընկան հակակառավարական բողոքի ցույցերով և անկարգություններով։ Ճիշտ է, Իրանում նոր տարին՝ Նովրուզը, տոնակատարության այլ ժամկետներ ունի, սակայն իրանական ոչ տոնական օրերի խառնաշփոթը աշխարհի տոնական լրահոսի մի մասը դարձավ։ Բողոքի ցույցերի պատճառ էին դարձել թանկացումների մասին լուրերը, որոնց մի մասը, ինչպես հետագայում պարզվեց, կեղծ է եղել։ Բողոքի ալիքը սկսվել էր Մեշխեդ քաղաքից, որը մեծությամբ երկրորդն է Իրանում։ Բողոքի խաղաղ ցույցերը, սակայն, շուտով զանգվածային անկարգությունների վերածվեցին՝ ընդգրկելով բազմաթիվ քաղաքներ ողջ երկրում։ Ոստիկանության և ցուցարարների միջև հատկապես սուր բախումներ են տեղի ունեցել փոքր՝ մինչև 200 հազար բնակիչ ունեցող քաղաքներում։
Հարձակումներ Սիրիայում ռուսական ավիաբազայի վրա
Հունվարի առաջին օրերին հայտնի դարձավ, որ ահաբեկիչները հարձակում են գործել Սիրիայում ռուսական Հմեյմիմ ավիաբազայի վրա։ ԶԼՄ-ները մեծաքանակ տեխնիկական կորուստների մասին էին հաղորդում։ Սակայն Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց տեխնիկական կորուստների մասին լուրը՝ հայտարարելով, որ հարձակման հետևանքով 2 զինծառայող է զոհվել։
Ավելի մանրամասն՝ ankakh.com