Ազգային ժողովի խորհրդի նիստում ընդգրկված է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանին փոխարինելու հարցը: Խորհրդի նիստի օրակարգում ասվում է, որ Հերմինե Նաղդալյանին կփոխարինի ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Այս պահին ԱԺ խորհրդի նիստը ընթանում է փակ դռների հետևում: Օրակարգում ընդգրկված հարցը դեռ պետք է քվեարկվի խորհրդի 17 անդամների կողմից, որոնց թվում չկան ո՛չ Հերմինե Նաղդալյանը, ոչ էլ Կարինե Աճեմյանը:
Թե ինչն է փոփոխության պատճառը, դեռևս հայտնի չէ: ԱԺ կայքում միայն ասվում է.
«Առաջնորդվելով «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
1. Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-003-Լ որոշման.
1) 1-ին հավելվածում` « Հերմինե Նաղդալյան (ՀՀԿ խմբ., փոխարինող անդամ) » բառերը փոխարինել « Կարինե Աճեմյան (ՀՀԿ խմբ., փոխարինող անդամ) » բառերով:
2) 11-րդ հավելվածում` « Կարինե Աճեմյան ( ՀՀԿ խմբ .) » բառերը փոխարինել «Շուշան Սարդարյան ( ՀՀԿ խմբ.)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից»: