«Հունվարի 20-ից համարեք գարունը գալիս է»,- ֆեյսբուքի իր էջում երեկ ավետել էր ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Մեզ հետ զրույցում այսօր նա մանրամասնեց, որ գարուն ասվածը չի նշանակում, թե եղանակը համապատասխանելու է ապրիլ կամ մայիս ամիսներին հատուկ ջերմային ֆոնին: Սպասվում է, որ կդիտվի մարտին համապատասխանող ջերմաստիճան:
«Հունվարի 19-ից սկսած նորից մեզ մոտենալու են հարավային տաք օդային հոսանքներ: Կանխատեսվում է, որ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կտաքանա 8-10, իսկ մյուս մարզերում 5-6 աստիճանով: Օրինակ՝ Սյունիքի և Տավուշի հովտային գոտիներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +14 +17 աստիճանի, Արարատյան դաշտում՝ մինչև +11 +12-ի: Կլիմայական միջին ջերմաստիճանը հաշվի առնելով՝ դա մարտի ջերմային ֆոն է»,- ասաց Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով, այդ ընթացքում եղանակը կլինի փոփոխական՝ ինչպես սովորաբար դիտվում է մարտին՝ Հայաստանում. «Կլինի փոփոխական եղանակ՝ կցրտի, նորից կտաքանա, բայց միջին ջերմաստիճանը մարտին համապատասխանող ջերմային ֆոն է լինելու: Տաք ջերմային ֆոնը պահպանվելու է նաև հունվարի 20-ից հետո, բայց ամեն դեպքում գարուն ասվածը չի նշանակում, թե ապրիլ կլինի, ծառերը կծաղկեն: Ձմռան համար շատ բարձր ջերմաստիճան կլինի, բայց՝ մարտին հատուկ»:
Օդերևութաբանության կենտրոնի պետը տեղեկացրեց, որ այսօր ցերեկը, որքան էլ եղանակը համեմատաբար սառն է թվում, ջերմաստիճանը, օրինակ Արարատյան դաշտում կլիմայական միջինից բարձր է 5 աստիճանով: Իսկ ամբողջ ձմռան ընթացքում կլիմայական միջինից ամենաբարձր ջերմաստիճանը եղել է +10-ը՝ հունվարի 1-2-ին: