«You & I»՝ այսպես է կոչվում Հասմիկ Շիրոյանի երգը, որով կմասնակցի «Դեպի Եվրատեսիլ» նախագծին: Նրա երգը հեղինակել են Մեծ Բրիտանիայից միջազգային հիթերի հեղինակներ, որոնք աշխատում են Ջեյմս Արթուրի, Քելի Քլարքսոնի, Դեմի Լովատոյի, Սիգալայի, Քայլի Մինոուգի, Կայգոի և այլ երգիչների հետ:
Ուկրաինաբնակ երգչուհին BRAVO.am-ին պատմել է, թե ինչպես է կապ հաստատել երգահանների հետ, ով է լինելու իր շոուի բեմադրիչը և այլ մանրամասներ. «Ինձ համար իսկապես պատիվ է աշխատել Մարլի, Նեյլի և Հաջի հետ: Սիրելով հայտնի արտիստների երգերը՝ հետաքրքրվեցի, թե ովքեր են հեղինակները, նրանց հետ կապ հաստատեցի ու առաջարկեցի, որ եվրատեսիլյան իմ երգը գրեն։ Շոկի մեջ էի, որ համաձայնեցին. Անգլիայի ու ԱՄՆ-ի շոու-բիզնեսի համար են աշխատում, Ռուսաստանի, Ուկրաինայի կամ Հայաստանի երգիչների հետ, սովորաբար, չեն համագործակցում։ Երգի ստեղծման փուլում անձամբ չենք շփվել, աշխատել ենք հեռախոսով ու համացանցով»։
Հասմիկ Շիրոյանը
Նախորդ տարի «Դեպի Եվրատեսիլ»-ին մասնակցած երգչուհին մարտական է տրամադրված, ինչպես նշում է՝ երազելի թիմ է հավաքել։ Ելույթի բեմադրությունն իրականացնելու է «The Voice of USA»-ի պարային գծով պրոդյուսեր, «Էմմի» մրցանակակիր, MTV մրցանակաբաշխության նոմինանտ Hi-Hat-ն ու նրա թիմը. «Նա Լոս Անջելեսից է, բեմադրում է աշխարհահռչակ երգիչների շոուները՝ Ռիհանայի, Շակիրայի, Ֆարել Ուիլյամսի, Ջասթին Բիբերի ելույթները։ Այս դեպքում էլ շոկի մեջ էի, որ համաձայնեց ինձ հետ աշխատել, քանի որ իրեն հետաքրքրեց ոչ միայն ֆինանսական կողմը, այլև, որ այդքան ռիսկ եմ արել իրեն դիմել։ Մի քանի շաբաթ բանակցելուց հետո նպատակս իրականությունս դարձավ։ Նրա թիմում շատ լավ մարդիկ են, արդեն ընկերացել ենք, նրանց խոսքով՝ հավատում են իմ ուժերին, արդեն ասել են, որ հետագայում էլ կցանկանան աշխատել ինձ հետ»։
Հունվարի 19-ին Հասմիկը կվերադառնա Հայաստան, հիփ-հոփի խորեգրաֆը ևս կժամանի Երևան՝ իրականացնելու բեմադրությունը. «Պարողները հայեր են, երբ Կիևից վերադառնամ, միասին կպարապենք։ «You & I» երգը ռիթմիկ է, պարային՝ ամբողջությամբ անգլերենով: Մեր թիմային քննարկումներից հետո հասկացանք, որ այս երգը կարող է Հայաստանին հասցնել երաժշտական նոր մակարդակի, և եվրատեսիլյան պատմության մեջ նոր էջ կարող ենք բացել Հայաստանի համար»։