Ծաղկաձորում Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մասնաճյուղի բազայի վրա կկառուցվի նոր, գերհզոր և գերժամանակակից մարզահամալիր:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այն նախատեսված կլինի ինչպես հենակետային, այնպես էլ մյուս բոլոր մարզաձևերի համար: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հրավիրել էր տարբեր մարզաձևերի մասնագետներին՝ լսելու նաև նրանց առաջարկները:
Նոր մարզահամալիրը կունենա միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխանող ընդարձակ ու հարմարավետ մարզադահլիճներ մենապայքարային և խաղային մարզաձևերի համար, ֆուտբոլի խաղադաշտ, ատլետիկայի համալիր, առանձին վազքուղի, հրաձգարան, լողավազան (50×25 մ), հյուրանոցային երկու մասնաշենք՝ ազգային, երիտասարդական և մանկապատանեկան հավաքականների համար:
Մարզաձևերի յուրաքանչյուր կառույց ունենալու է իր շոգեբաղնիքներն ու ֆիթնես սրահները, որոնք հագեցած կլինեն ժամանակակից անհրաժեշտ վարժասարքերով: Կառուցվող օլիմպիական ավանում առանձին սենյակներ և լաբորատորիա կհատկացվի մարզիկներին բժշկական համալիր ծառայություններ մատուցելու, դոպինգ ստուգումների, վերականգնողական կենտրոնի համար:
Կգործի նաև մամուլի կենտրոն: Առանձին սրահներ են նախատեսված մարզիչների համար, որտեղ մարզչական շտաբերն ուսումնամարզական հավաքների ընթացքում քննարկումներ կանցկացնեն, կդիտեն մրցակիցների ելույթների տեսագրությունները և ավելի արդյունավետ կկազմակերպեն նախապատրաստությունը: