Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոստովանել է, որ լրջորեն երկյուղում է միջուկային պատերազմի սկսվելու հնարավորությունից: «Այո, ես իրոք վախենում եմ: Մենք հայտնվել ենք սահմանագծին: Մեկ միջադեպն իսկ բավական է, որ պատերազմն սկսվի: Եվ նման քայլից հետո իրադրությունը կարող է անվերահսկելի դառնալ:
Ուստի անհրաժեշտ է ոչնչացնել զենքը, ջանքեր գործադրել միջուկային զինաթափման համար»,- հունվարի 15-ին հայտարարել է քահանայապետը՝ լրագրողների հետ շփվելով Հռոմից Սանտյագո մեկնող ինքնաթիռում:
Հունվարի 15-ի առավոտյան Ֆրանցիսկոս պապը Հռոմից մեկնել է Սանտյագո՝ սկսելով իր 22-րդ արտասահմանյան առաքելական ուղևորությունը, որի ընթացքում նա կայցելի Չիլի և Պերու: Սա քահանայապետի արդեն վեցերորդ այցն է Լատինական Ամերիկայի երկրներ: Ուշագրավ է, որ այս անգամ նա չի այցելում իր հայրենիք՝ Արգենտինա: Սակայն Չիլիի իշխանություններն ուխտավորների վիթխարի հոսք են սպասում հարևան Արգենտինայից Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի
այցի ժամանակ, ինչի առնչությամբ անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկում սահմանին:
Վատիկան Հռոմի պապի վերադարձը պլանավորված է հունվարի 22-ին: