Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։40-ի սահմաններում Kia Sorento մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի երկաթե ճաղավանդակին և հայտնվել ջրանցքում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր գետից դուրս են բերել մահացածի դին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԻՆ փոխնախարար Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ և Երևանի ՃՈ պետեր Եգոր Կարապետյանը, Արման Հակոբյանը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Մարտիրոսյանը և Գրիգոր Թամոյանը։
Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Գ. Թամոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վթարի վայրի հարևանությամբ մի քանի բնակիչներ, ովքեր չցանկացան իրենց ինքնությունը հայտնել, ասում էին, որ վթարի պատճառը եղել է մի քանի թափառող շները։ Վարորդը փորձել է խույս տալ շներից, հետևաբար, չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի է ունեցել ողբերգական վթարը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: