«Առողջ կրծքագեղձ» նախագծի «Կանխարգելում» էլեկտրոնային ծրագիրը մշակելիս՝ հաշվի են առնվել եվրոպական և ամերիկյան ժամանակակից մասնագիտական ուղեցույցներն ու խորհուրդները, որոնք հստակ նշում են, թե կինը որ դեպքերում և ինչ հաճախականությամբ պետք է հետազոտվի կրծքագեղձի մասնագետի մոտ։ Տվյալ ծրագիրը ստույգ ժամկետներով հիշեցումներ է ուղարկում կնոջը, որպեսզի նա իրեն ապահովի կրծքագեղձում վտանգավոր փոփոխությունների բացթողումից կամ ուշացած հայտնաբերումից:
«Կանխարգելում» էլեկտրոնային ծրագրում Ձեր կողմից լրացված հարցաշարի արդյունքների հիման վրա Դուք հրավիրվում եք կրծքագեղձի առաջին կանխարգելիչ հետազոտության, որից հետո պարբերաբար (3, 6, 12, 24, կամ 36 ամիսը մեկ անգամ) կստանաք հերթական այցի ուղեգիր-հրավերը: Հիշեցում-հաղորդագրությունները կստանաք էլեկտրոնային փոստով, իսկ ցանկության դեպքում՝ նաև հեռախոսային SMS հաղորդագրությամբ: Ուղեգիր-հրավեր ստանալու հաճախականությունը կախված է հարցաշարում Ձեր լրացված պատասխաններից, քանի որ դրանց հիման վրա է հաշվարկվում կրծքագեղձում վտանգավոր փոփոխությունների զարգացման ռիսկը: Հնարավոր է, որ որոշ տվյալներ լրացվեն բժշկի կողմից այցի ժամանակ, ինչն էլ ավելի ճշգրիտ կդարձնի առանձին դեպքերի հաշվարկը: Հետագա տարիների ընթացքում Ձեզ ուղարկվող հիշեցում-հաղորդագրությունները կլինեն դինամիկ և կփոփոխվեն՝ հաշվի առնելով Ձեր տարիքը ու նախորդ հետազոտությունների արդյունքները: