Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը կարծում է, որ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ մաքսատուրքերի ավելացումը չի կարող բերել գների էական փոփոխության: Բացի այդ` ըստ Շաբոյանի` վերջին շրջանում ավելացել է ԵԱՏՄ երկրներից սոցիալական նշանակության տարբեր ապրանքների ներմուծումը, ինչը նշանակում է, որ այդ ապրանքները Հայաստան են ներկրվում առանց մաքսատուրքերի, հետևաբար, գնային փոփոխությունների չեն ենթարկվի: «2018 թվականին նախատեսվող դրույքաչափերի փոփոխությունը 1-4 տոկոս է կազմում, չեմ կարծում, որ դա մեծ ազդեցություն կարող է ունենալ: Խոսքն ընդհանուր առմամբ սոցիալական նշանակության 4-5 ապրանքատեսակի մասին է՝ կարագ, հավի միս, ձեթ, ձուկ և կաթնամթերք»,- ասաց Արտակ Շաբոյանը:
Պաշտոնյայի դիտարկմամբ` կաթնամթերքի գծով Հայաստանի ներքին պահանջարկը բավարարվում է տեղական արտադրանքի հաշվին, հետևաբար մաքսատուրքերի փոփոխությունն էական ազդեցություն չի կարող թողնել: «Անգամ, եթե կաթնամթերքի արտադրության մեջ որպես հումք կաթի փոշի ենք օգտագործում, դա հիմնականում ներկրվում է ԵԱՏՄ երկրներից, հետևաբար այս մասով ևս էական փոփոխություններ չեն կարող լինել: Ինչ վերաբերում է ձեթին, այն գրեթե ամբողջության ներկրվում է Ռուսաստանից»,-ավելացրեց ՏՄՊՊՀ նախագահը:
Ինչ վերաբերում է սառեցված ձկանը, ապա այն չի համարվում լայն սպառման ապրանք չի, իսկ հայաստանաբնակները հիմնականում նախընտրում են տեղական թարմ ձուկը, որի վրա մաքսատուրքերի փոփոխությունը չի կարող ազդել: