Հայ պատմաբաններն իրենց փաստարկված աշխատություններով են պատասխանում Ադրբեջանի խեղաթյուրումներին: Այս մասին «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ Կարեն Խաչատրյանը:
«Տեսնում ենք, որ օտար երկրների գրախանութներում, գրադարաններում բազմաթիվ են ադրբեջանական աշխատությունները, որոնցում խեղաթյուրում են և՛ իրենց, և՛ տարածաշրջանի պատմությունը: Կարելի է ասել «պատմաշինությամբ» են զբաղվում: Մեր դիրքորոշումը հետևյալն է, ոչ թե փորձում ենք արձագանքել իրենց հերյուրանքներին, որոնք գիտության հետ կապ չունեն, այլ մենք մեր փաստարկված աշխատություններն ենք թարգմանում, որոնք անուղղակի պատասխան են այդ ամենին»,-ասաց Կարեն Խաչատրյանը` նշելով, որ լինում են ադրբեջանական աշխատություններ, որոնց գիտական մակարդակով անդրադառնալը պատիվ չի բերում:
Նրա խոսքով՝ այս դաշտում անելիքներ կան, խնդիր ունենք ստեղծելու լավ թարգմանչական դպրոց, որպեսզի հայ պատմաբանների աշխատանքները բարձրորակ թարգմանվեն և ներկայացվեն միջազգային հարթակներում:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ 2017 թվականը կարևորվեց Պատմական գիտությունների միջազգային կոմիտեին Հայաստանի պատմաբանների ընկերակցության անդամակցությամբ: Խնդիր է դրված պայքարել տարածաշրջանում պատմության կեղծարարության դեմ: Ադրբեջանն այդ կոմիտեի անդամ չէ:
«Երկու տարի առաջ ես մասնակցում էի այդ կոմիտեի նիստին, որտեղ խոսք եղավ այն մասին, թե ինչու Ադրբեջանը չի անդամակցում: Այդ կազմակերպության ղեկավարներն ինձ ասացին, որ մի երկրում, որտեղ նախագահը խոսում է Երևանի, Էջմիածնի ադրբեջանական լինելու մասին, այդ երկրի պատմագիտական ընկերությունը չի կարող կոմիտեի մաս կազմել: Ինչ վերաբերում է Ադրբեջանին արձագանքելուն, ապա եթե ամեն հարցում մենք իջնենք իրենց մակարդակին, կլինի ծիծաղելի վիճակ: Այդ պատմական կեղծարարությունը ներքին լսարանի համար է, դրսում դա ծաղր ու ծանակի է ենթարկվում, նույնիսկ իրենք են սկսում նահանջել»,-հավելեց Աշոտ Մելքոնյանը: