Երգչուհի Լենա Ղազարյանը երեկ յութուբյան իր պաշտոնական էջում ներկայացրել է «Թող»տեսահոլովակի պրեմիերան:
Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է, թե ինչպես է կայացել նոր աշխատանքն ու խոսել է համագործակցությունների մասին:
Ստեղծագործող երգչուհին մեզ հետ զրույցում նշեց, որ այս անգամ երգի հեղինակը ինքը չէ.
«Երգը գրել են Ալեքս Միրզոյանն ու Վարդան Գալստյանը, գործիքավորումը կատարել է Գևորգ Հովհաննիսյանը: Երգն առաջին անգամ լսելուց հետո հասկացա, որ այն դիպավ սրտիս ու ցանկացա անպայման ինքս կատարել»,- պատմեց Լենան՝ վստահեցնելով, որ երգի տխուր բովանդակությունն իր հետ կապ չունի.
«Թեև երգի խոսքերն ինձ շատ էին հուզել ու հասկացա, որ ուզում եմ ինքս այն ներկայացնել, սակայն, ի ուրախություն ինձ, երգի բովանդակությունն ինձ հետ կապ չունի, Փառք Աստծո, իմ անձնականում ամեն ինչ նորմալ է»,- հավելեց նա:
Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Մնացականյանն է, Լենայի խոսքով՝ այս աշխատանքի հետ կապված իր նորգործությունն է ունեցել ամեն հարցում.
«Սա թիմային աշխատանք էր: Ինչպես բոլոր հարցերում, տեսահոլովակի սյուժեի հետ կապված ևս հայտնել եմ իմ մտքերը: Մենք չէինք ուզում ստանդարտ սցենար ներկայացնել, պարզապես ամեն դետալով փորձել ենք ցույց տալ տղայի անտարբերությունը: Այս տեսահոլովալով փորձել եմ ակնարկել, որ պետք չէ անտարբերության մատնել մեր սիրելիներին, եթե չկա սեր, ուրեմն պետք է թողնել իրար: Սյուժեում աղջիկը երկար է սպասում, ամեն ինչ անում, որ տղան փոխվի, սակայն ապարդյուն: Իսկ երբ տղան վերջապես գիտակցում է իր սխալը, արդեն ուշ է լինում»,- նշեց երգչուհին:
Ի դեպ՝ տեսահոլովակի հերոսներին մարմնավորել են Միլի Միսկարյանն և Աշոտ Կարապետյանը:
Խոսելով 2018-ի ծրագրերի մասին՝ Լենա Ղազարյանը նշեց, որ տարին լի է լինելու համերգներով ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Երգչուհու խոսքով՝ պլանավորում է այս տարի ներկայացնել ամերիկաբնակ երգիչ Զարե Թևանի հետ իրենց պատրաստած դուետը: Դե իսկ ընդամենը մի քանի ամիս անց Լենան նոր տեսահոլովակ կներկայացնի, որը նկարահանվելու է Տիգրան Աթոյանի «Զինվորի պարը» երգի հիման վրա:
Հետաքրքրվելով, թե 2018-ին Լենան և իր սիրելին չե՞ն պլանավորում ամուսնանալ, պատասխանեց.
«Այդ հարցին ոչ ես, ոչ սիրելիս չենք կարող պատասխանել, դա թողել ենք Աստծո կամքին: Տեսնենք, թե նա ինչ է նախապատրաստել մեզ համար»:
life.panorama.am