«Մեր հնարավորություններն ավելի բարձր կգնահատեի…». «Նեմրա»–ի վոկալիստ. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Մեր հնարավորություններն ավելի բարձր կգնահատեի…». «Նեմրա»–ի վոկալիստ. life.tert.am

«Դեպի եվրատեսիլ» նախագծի մասնակիցները երեկվանից սկսել են ներկայացնել «եվրատեսիլյան» երգերի պրեմիերաները։ Շարունակելով ներկայացնել «Դեպի Եվրատեսիլի» մասնակիցներինTert.am Life–ը զրուցել է «Նեմրա»–ի վոկալիստ և կիթառահար Վանի հետ։

«Նեմրան» մարտական տրամադրված չէ և մրցույթում  հավանական է համարում ինչպես հաջողությունը, այնպես էլ անհաջողությունը։ «Կարծիքների մեծամասնությունը դրական է, սակայն ես ավելի բարձր կգնահատեի մեր հնարավորությունները, եթե մասնակցեինք բուն «Եվրատեսիլին», ոչ թե հայաստանյան «Դեպի  Եվրատեսիլին»։ Շատ տարիներ կպահանջվեն, որպեսզի ռոք երաժշտությունը լուրջ ընկալվի հայ հասարակության կողմից։ Չնայած մենք ծանր ռոք չենք ներկայացնում, ավելի մոդեռն ռոք ենք նվագում, մարդիկ կիթառի հնչյունները լսելիս ինչ–որ տհաճ ապրումներ են ունենում, իրենց ավելի շատ դուր է գալիս այլ երաժշտություն»,– ասաց  Վանը։

Ըստ նրա`  իրենք դիմել են մրցույթին իրենց երկրպագուների խնդրանքով։ ««Դեպի Եվրատեսիլ» նախագծի էջում շատ էին նշում «Նեմրա», մեր երկրպագուները դիմում էին մեզ, որ, անպայման, մասնակցենք։ Երբ իմացանք, որ այս տարվա կանոններով յուրաքանչյուրը պետք է ներկայանա իր երգով, որոշեցինք ուղարկել երգը։ Երգը ստեղծվել է մեր սրտից։ Այն չի գրվել հատուկ «Եվրատեսիլի» համար, ուղղակի միակ երգն էր, որ 3 րոպե էր տևում։  Մենք չենք կենտրոնացել դրա վրա, PR քայլեր չենք անում, շարունակում ենք մեր գործունեությունը, համերգները, տեսահոլովակները, ձայնագրում ենք մեր նոր ալբոմը։ Սա ընդամենը մի քայլ է մեզ համար»,– նշեց վոկալիստը։

Դիտարկմանը, որ մրցույթների մասնակցությունը, սովորաբար, արվում է որոշակի ակնկալիքներից ելնելով, եթե մեծ ակնկալիքներ չունեն, ի՞նչն է ստիպել մասնակցել մրցույթին, Վան անկեղծ պատասխանեց, որ որոշակի ակնկալիքներ, այնուամենայնիվ, ունեն։ Նախագիծն իրենց համար նաև PR է ապահովում։ «Ներկայացնելով մեր նոր երգը` մենք ավելի մեծ PR ունեցանք, որի համար պետք է մեծ գումարներ ծախսեինք։ Մեզ ավելի շատ երկրպագուներ են միանում։ Մենք մեր օգուտն արդեն ստացել ենք։ Թե հետագայում  ինչ կլինի, մեզ քիչ է հետաքրքրում։ Եթե մենք հաջողության հասնենք, նշանակում է` այս ժանրի երկրպագուները շատ են մեր երկրում, եթե ոչ, կնշանակի, մեր հասարակությունն այլ ժանր է նախընտրում»,– ասաց նա։

«Նեմրա»–ի երգի մասին առաջին արձագանքները հիմնականում դրական են, սակայն «Եվրատեսիլ» մրցույթը, սովորաբար, լայն քննարկումների տեղիք է տալիս և բացասական կարծիքները  չեն շրջանցել նաև «Նեմրային»։ «Ինձ ավելի շատ հետաքրքրում են մեր լսարանի կարծիքները,– ասաց Վանն ու հավելեց, որ խմբի մյուս անդամները, իմանալով իր բնավորությունը, իրեն թույլ չեն տալիս հետևել մեկնաբանություններին, սակայն, ընդհանուր առմամբ, գիտի, որ մարդիկ  ավելի շատ բացասականն են արտահայտում, քան դրականը։ –Կոչ եմ անում մարդկանց ավելի դրական լսել երգերը, փորձել ընտրել այն երգերը, որոնք իրենք հավանում են ու չկենտրոնանալ այն երգերի վրա, որոնք չեն հավանում։ Մեզ մոտ բացասական էմոցիաներն արտահայտելն ավելի լավ է ստացվում, քան դրականը։ Խորհուրդ եմ տալիս վայելել այս ամենը, սա շոու է, երաժշտություն, սա պատերազմ չէ։ Պետք է ամեն ինչ տարբեր լինի։ Բոլորս էլ նույն հասարակության մասն են կազմում»։

Ամբողջությամբ՝ life.tert.am