Հունվարի 15-ից «Դեպի եվրատեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջում հրապարակվում են մրցույթի մասնակիցների երգերը:
Հանրությանը «X-Factor» նախագծից հայտնի Տյոմն իր «Follow the ocean» երգը ներկայացրեց երեկ, իսկ այսօր Life.panorama.am-ի հետ զրույցում պատմել է «Դեպի եվրատեսիլ»-ին մասնակցելու որոշման և սպասելիքների մասին:
Տյոմը նշեց, որ այս նախագծին մասնակցելու որոշում հանգամանքների բերումով` ինքնըստինքյան է կայացրել:
«Ամեն ինչ շատ պատահական ու հանկարծակի ստացվեց: Անգլիայից ծանոթներիցս մեկն առաջարկեց երգ գրել ինձ համար, որով մասնակցեմ այդ մրցույթին, հետո բազմաթիվ նամակներ ստացա, որոնցով մարդիկ իրենց ցանկությունն էին հայտնում ինձ տեսնել «Դեպի եվրատեսիլ» նախագծում, ու որոշեցի փորձել,- պատմեց Տյոմն ու շարունակեց.
«Թեև ինձ ոգևորեց Անգլիայում ապրող ծանոթներիցս մեկը, սակայն նրա ուղարկած չորս երգերից և ոչ մեկը չհավանեցի: Հետո ընկերներիցս մեկը զանգեց ինձ ու ասաց, որ մի երգ ունի ու ուզում է այն ներկայացնեմ այս մրցույթին: Ես լսեցի ու անմիջապես հավանեցի: Ի դեպ՝ ասեմ, որ երգը պատրաստել ենք շատ կարճ ժամանակահատվածում, պատկերացրեք` երգը ներկայացնելու վերջնաժամկետը հունվարի 15-ին էր և ես հենց այդ օրն եմ իմ երգը տվել: Էլ չասեմ, որ հիվանդ էի և ոչ առողջ վիճակում եմ երգը ձայնագրել: Հավելեմ, որ երգիս երաժշտության հեղինակն է Գևորգ Գևորգյանը, իսկ խոսքերը գրել է Իննա Մկրտչյանը, ով հեղինակել է նաև «Genealogy» խմբի «Face the Shadow» երգի խոսքերը, որը 2015-ին ներկայացավ Եվրատեսիլում»:
Տյոմի երգը օվկիանոսի մասին է, նրա խոսքով՝ այն համահունչ է այս տարվա Եվրատեսիլի խորագրին:
«Երգս օվկիանոսի մասին է, և կարծում եմ՝ դրսի ժյուրիին այն դուր կգա: Երգս ռիթմիկ է և հետաքրքիր բովանդակություն ունի»,- հավելեց նա:
Տյոմը երգելուց զատ նաև պարելու է: Բեմադրության մեջ նա մեծ ներգործություն ունի, քանի որ իր թիմի որոշմամբ՝ պարախմբի հետ նա ևս կներկայանա: Նշենք, որ երգիչը համագործակցում է խարիոգրաֆ Արման Խաչատրյանի հետ:
Խոսելով «Դեպի եվրատեսիլ»-ում իր հնարավորությունների և սպասելիքների մասին՝ երգիչը նշեց.
«Գիտեք, ողջ աշխարհում այս մրցույթին այդքան մեծ նշանակություն չեն տալիս, նրանք, իրենց ներկայացուցիչներին ընտրելիս, չեն կենտրոնանում երգչի հայտնի կամ անհայտ լինելու վրա, նրանք պարզապես փորձում եմ լավ երգ ներկայացնել, քանի որ սա երգի մրցույթ է: Կարծում եմ՝ մենք էլ պետք է համախմբվենք ու պարզապես լավ երգ ներկայացնենք. Դա կարող է լինել իմը, կամ մեկ ուրիշինը, կարևոր չէ: Ես այստեղ մասնակցում եմ առաջին հերթին հաճույք ստանալու և երգս ներկայացնելու համար, կհաղթեմ, թե ոչ, երկրորդական է: Ես իսկապես ուզում եմ, որ լավ ու արժանի երգով մասնակցենք «Եվրատեսիլ 2018-ին» »:
Հարցին, թե 19 մասնակիցներին ո՞ւմ է իրեն մրցակից համարում, Տյոմը պատասխանեց.
«Ասեմ, որ մասնակիցների շարքում ընկերներ ունեմ: Որպես մրցակից՝ ոչ մեկին չեմ ուզում առանձնացնել, բայց ուզում եմ ասել, որ շատ եմ հարգում Սևակ Խանաղյանին, իսկապես հավանում եմ նրա արվեստը»: