Հարավային և Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) ներկայացուցիչները Պհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության շքերթին կմասնակցեն ընդհանուր պատվիրակությամբ ու միասնական դրոշով: Այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:
Միասնական պատվիրակությունը շքերթին կմասնակցի ազգային վերամիավորման ցանկությամբ՝ սպիտակ դրոշի ներքո, որի վրա կապույտ գույնով նկարագրված կլինի Կորեական թերակղզու ուրվագիծը:
Հյուսիսային Կորեան Օլիմպիական խաղերում կունենա 150 մարզիկ: Նրանցից բացի Հարավային Կորեա ցամաքային սահմանով կժամանեն 230 լրագրողներ ու երկրպագուներ:
Միաժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ տափօղակով հոկեյի Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի կանանց թիմերը կկազմեն մեկ հավաքական:
Պհենչհանի Օլիմպիական խաղերը կմեկնարկեն փետրվարի 9-ին, կավարտվեն փետրվարի 25-ին:
Նախորդ անգամ Կորեայի երկու հանրապետությունները միասնական դրոշով մասնակցել են 2006թ. Թուրինի ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը: