Ամեն տարի այս օրը ես զանգահարում եմ մայրիկիս և շնորհակալություն հայտնում, որ ինձ լույս աշխարհ է բերել. Նաիրա Շահիրյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ամեն տարի այս օրը ես զանգահարում եմ մայրիկիս և շնորհակալություն հայտնում, որ ինձ լույս աշխարհ է բերել. Նաիրա Շահիրյան. life.panorama.am

Երևանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Նաիրա Շահիրյանն այսօր նշում է ծննդյան 54-ամյակն. այդ առիթով Life.panorama.am-ը զրուցել է նրա հետ:

Դերասանուհին պատմեց, որ կեսգիշերից սկսած` շնորհավորանքները չեն դադարում, մեկը մյուսից հաճելի ու օգտակար բարեմաղթանքներ է լսում, սակայն, Ն. Շահիրյանի խոսքով, ամեն տարի այս օրը նա էլ իր հերթին մայրիկին` ՀՀ վաստակավոր արտիստուհի Էվելինա Շահիրյանին է շնորհավորում, ով դստեր տարեդարձին դեռ երկու օր առաջ է պատրաստվում:

«Այսօր ոչ միայն իմ, այլև մայրիկիս տոնն է: Ամեն տարի այս օրը ես զանգահարում եմ նրան, շնորհավորում և շնորհակալություն հայտնում, որ ինձ լույս աշխարհ է բերել ու ավելացնում եմ` «Հիմա սա եմ, լավը, թե վատ, չգիտեմ, բայց քո լույս աշխարհ բերածն ու դաստիարակածն եմ»: Ի դեպ` մայրս ամեն տարի շատ լուրջ է պատրաստվում տարեդարձիս, նա մեկը մյուսից համեղ ուտեստներ է պատրաստում, ինձ և ընկերներիս հրավիրում է իր տանը ու նշում տարեդարձս: Չնայած, ես ամեն անգամ իրեն ասում եմ, որ ավելի լավ է չտանջվի և դրսում հավաքույթ կազմակերպենք, բայց նա չի համաձայնում, սիրում է, որ հենց իր տանը իմ օրը տոն դարձնի»,- պատմեց մեր զրուցակիցը:

Նաիրա Շահիրյանը նշեց, որ սիրում է իր տոնը, նաև հավելեց, որ եթե անգամ ցանկանա այդ օրը ավելի հանգիստ անցկացնել, միևնույն է, չի հաջողվի:

«Եթե շատ էլ ցանկանամ, չեմ կարող փախչել ծննդյանս օրից: Մայրս ու ընկերներս ինձ պարզապես թույլ չեն տա տարեդարձիս միայնակ մնալ: Ծննդյանս օրը մայրս մեծ հաճույք է ստանում, և ես չեմ կարող նրան դրանից զրկել»,- հավելեց նա:

50-ից հետո կնոջ առանձնահատկությունների մասին խոսելիս` դերասանուհին նշեց.

«Ես չեմ մտածել այս հարցի շուրջ, և ոչ էլ թվերին մեծ ուշադրություն եմ դարձնում: Գիտեք, 50-ամյակիս կապակցությամբ թատրոնում մեծ հոբելյանական միջոցառում եղավ, թվում էր, թե ինչ-որ մի բան փոխվելու է, բայց չի փոխվում, որովհետև ինչպես 49, այնպես էլ 54-ն ես մեկ անգամ ունենում կյանքում: Պարզապես 50-ից հետո երևի ավելի հաճախ ես հետ նայում ու մտածում, թե ինչքանով ես ճիշտ անցել քո ճանապարհը, 50-ից հետո ավելի հավասարակշիռ ես դառնում, մտածում ինչ է արվել ու ինչ է արվելու, որն է քո առաքելությունը, արդյոք ճիշտ ես ապրել ու ճիշտ ընտրություններ ես կատարել»:

Նաիրա Շահիրյանը անկեղծորեն նկատեց, որ իր կյանքի յուրաքանչյուր քայլ կատարել է զգացմունքներից ելնելով:

«Իմ կյանքում ամեն ինչ արել եմ զգացմունքային ֆոնի վրա: Թե մասնագիտության ընտրությունը, թե ամուսնությունը, թե երեխաներ ունենալը, ամեն բան արվել է` զգացմունքներից ելնելով: Դրանք լուրջ ու երկար մտածված քայլեր չեն եղել և առհասարակ, միշտ էլ չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր հաշվարկով են ապրում: «Եթե սիրտս բաբախում է, ուրեմն քայլերս ճիշտ են»` ես այս գաղափարով եմ մշտապես առաջնորդվել:  Իհարկե, թերացումներ, սխալներ ևս եղել են, բայց դրանք ևս իմն են, ինձ համար անգամ սխալներս են թանկ: Եվ վերջապես, մարդը երևի պետք է սխալվի, որ կարողանա ճիշտ ճանապարհներ գտնել: Գուցե դանդաղ քայլերով եմ առաջ գնում, բայց, կարծում եմ, որ հստակ եմ քայլում: Ամեն դեպքում իմ բոլոր հարաբերություններում աշխատում եմ ազնիվ լինել»,- ընդգծեց նա:

Դերասանուհին նշեց նաև, որ սիրում է բեմը, սակայն իր համար մշտապես առաջնայինը ընտանիքն է եղել.

«Երեխաներս իմ ձեռքբերումներն են: Ինձ համար միշտ առաջնայինը ընտանիքս է եղել: Գիտեք, եթե կինը կարող է համատեղել աշխատանքը, արվեստը ընտանիքի հետ, ապա դա մեծ առավելություն է»,- հավելեց նա:

Իր երիտասարդության գրավականը Նաիրա Շահիրյանը տեսնում է ոչ միայն գեների, այլև կյանքի նկատմամբ իր տրամադրվածության մեջ:

«Կարևորը կյանքում չչարանալն է, որովհետև, երբ ներսում չարություն կա, ապա դեմքդ կկնճռոտվի, աչքերիդ փայլը կկորի: Անկախ դժվարություններից` ես աշխատում եմ չչարանալ: Իհարկե, նախ շնորհակալ եմ ծնողներիս լավ գեներ փոխանցելու համար: Ուրախությամբ եմ ասում, որ երբեք կոսմետիկ ծառայությունների չեմ դիմել: Նաև ուզում եմ շեշտել, որ կինը իրեն պետք է սիրի և ընդունի յուրաքանչյուր տարիքում: Ես ինձ ընդունում եմ այնպիսին, ինչպիսին կամ, յուրաքանչյուր տարիքում փորձում եմ փնտրել գեղեցիկը: Ես իսկապես չեմ փախչում իմ տարիքից»,- հավելեց նա:

Հարցին՝ ինչ է ինքն իրեն մաղթում, Նաիրա Շահիրյանը նշեց. «Ես ուզում եմ, որ մտերիմներս առողջ ու իմ կողքին լինեն, ուզում եմ տեսնեմ երեխաներիս թե անձնական, թե մասնագիտական հաջողությունները: Ես միշտ նախընտրում եմ, որ իմ փոխարեն երեխաներս ճիշտ ճանապարհին հայտնվեն և գտնեն իրենց տեղն այս կյանքում: Ուզում եմ այնքան առողջ լինել, որ միշտ կարողանամ օգտակար լինել բոլորին, միշտ լինել մտերիմներիս կողքին»:

life.panorama.am



Նման նյութեր