Հանրային հեռուստաընկերության «Դեպի եվրատեսիլ» մրցույցի 20 մասնակիցների շարքում է նաև երգիչ և լուսանկարիչ Ռոբերտ Քոլոյանը, ով վերջերս մասնակցում էր «Հայաստանի ձայնը» նախագծին, որի շրջանակում նկատվեց հայտնի ֆրանսիահայ երգիչ Պատրիք Ֆիորիի կողմից:
Հանրային հեռուստաընկերությունը այս օրերին ներկայացնում է նախագծի 20 մասնակիցների երգերի պրեմիերաները: Ռոբերտ Քոլոյանը իր «Get Away With Us» երգը ներկայացրել է երեկ, իսկ այսօր Life.panorama.am-ի հետ զրույցում պատմել այս նախագծին մասնակցելու որոշման մասին և խոսել մրցույթում իր սպասելիքների մասին:
– Ռոբերտ, ընդամենը վերջերս մասնակցում էիք «Հայաստանի Ձայնը» նախագծին, ինչպես ստացվեց, որ որոշեցիք շատ չանցած Ձեզ փորձել ևս մեկ մրցույթում, որիհաղթանակը «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու իրավունքը կլինի:
– «Հայաստանի Ձայնը» նախագիծը տվեց բավական մեծ ուժ և տոկունություն, օգնեց ճանաչվելու ավելի մեծ մասսաներում, առավել մեծացրեց հնարավորությունը «Դեպի եվրատեսիլ» մրցույթում ավելի պրոֆեսիոնալ, ավելի վստահ և հաստատուն քայլերով առաջ գնալու համար: Ցանկացած արտիստի համար կարևոր է յուրաքանչյուր մրցույթում ունեցած և հաջողությունները, և որոշակի պարտությունները, քանզի դրանք են արտիստին տալիս թևեր` լսարանին իրենց ասելիքը ավելի համոզիչ և ճիշտ հասցնելու համար:
-Իսկ հոգեբանորեն դժվար չէ՞ր կարճ ժամանակում անընդհատ մրցութայինիրավիճակներում հայտնվելը:
– Իհարկե, հոգեբանորեն դժվար է մրցույթ ասվածը, քանզի թե սկզբում, թե ընթացքում անըդհատ լարված վիճակում ես, անըդհատ մտածմունքների և սպասման մեջ, հուզված և փնտրտուքներում, անորոշ և ի վերջո սթրեսային վիճակում ես, սակայն, միաժամանակ, ցանկացած մրցույթ կրկնակի նպաստավոր է, որովհետև ինչպես արդեն նշել եմ, դրանք կատարելագործման և տոկունության մեծ աղբյուր են։
– Կխնդրեմ պատմել Ձեր երգի մասին, ովքե՞ր են հեղինակները: Սա երգի մրցույթ է, հետևաբար երգի ընտրությունը պետք է, որ դժվար լիներ:
– Ի սկզբանե երգը նախատեսված չէր նման մրցույթի համար, երգի ստեղծման աշխատանքներից հետո, դեռ երկար ժամանակ չէի կողմնորոշվում, թե երբ այն ցուցադրեմ: Երևի ներքին ձայնի ուղղորդմամբ ՝ մրցույթի մեկնարկի հետ մեկտեղ ծագեց նաև միտք՝ երգը մրցույթին ներկայացնելու: Ամբողջ ստեղծագործական թիմով քննարկելուց հետո, հանգեցինք այդ մտքին և սկսեցինք հերթական աշխատանքները՝ երգը մրցույթի ֆորմատին հարմարեցնելու համար: Երգի երաժշտության հեղինակները ես և իմ շատ լավ ընկեր Արթուր Արմենի Մնացականյանն ենք, խոսքերի հեղինակը մեզ քաջ հայտնի երգիչ և երգահան Գրիգոր Կյոկչյանն է, ով կարողացել է մեկտեղել իմ ամբողջ հուզական աշխարհը երգի խոսքերում: Գոծիքավորումը Աշոտ Պետրոսյանինն է, mix և rec-ով զբաղվել է տաղանդավոր Նիկ Եգիբյանը, իսկ բեք վոկալում հանդես են գալիս տաղանդաշատ երգչուհիներ Մաշա Մնջոյանը, Սոնա Գյուլխասյանը և Մելինե Գալոյանը, որոնցից Մաշա Մնջոյանը և Սոնա Գյուլխասյանը իրենց մասնակցությունն են ունեցել նաև Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան երգի կատարման գործում։
– Շատ կարևոր է նաև երգի բեմադրությունը: Ինչպիսի՞ Ռոբերտի ենք տեսնելու բեմում:
– Ըստ իս` այն, ինչ կատարվելու է բեմում, լինելու է շատ տպավորիչ և հիշարժան, այդ ուղղությամբ աշխատում է փորձառու թիմ: Բեմում կտեսնեք երգի ու բեմադրության հետաքրքիր միքս, սակայն ավելին ասել չէի ցանկանա, որպեսի ստացված առաջին տպավորությունը լինի լիարժեք:
– Ռոբերտ, այս տարի մասնակցում են նաև հայտնի երգիչներ: Թեև սա երգի մրցույթ է, սակայն մարդիկ կարող են քվեարկել` ելնելով երգչի, այլ ոչ թե երգի նկատմամբ համակրանքից: Ո՞ւմ եք մրցակից տեսնում կամ այլ կերպ ասած` ո՞վ է Ձեր ֆավորիտմասնակիցը:
– Իհարկե, համեմատությունն անխուսափելի է, բայց մրցակից համարել, որևէ մեկին չեմ կարող, քանզի յուրաքանչյուրն էլ յուրօրինակ են իրենց տեսակում և իրենց ներկայցված երգերում, յուրաքանչյուրն էլ մեծ աշխատանք են կատարում և արժանի են միայն հարգանքի: Մասնակիցների մեջ կան նաև ինձ մոտ մարդիկ, ընկերներ և թյուր կարծիքներից զերծ մնալու համար՝ չեմ նշի նաև ֆավորիտ մասնակցի:
– Ինչպիսի՞նն է տրամադրվածությունը, Ձեզ արդեն պատկերացնո՞ւմ եք եվրատեսիլյանմեծ բեմում:
– Ինչո՞ւ ոչ, այո, իհարկե, քանզի թե ներկայացված երգս, թե ներկայացվելիք բեմադրությունն ու տրամադրությունը արժանի է լինել եվրատեսիլյան մեծ բեմում: Իրականում ահռելի մեծ աշխատանք է տարվում արհեստավարժ մարդկանց կողմից լավ արդյունք ստանալու համար: