Երգչուհի Հռիփսիմե Ելինյանը երեկ տոնել է ծննդյան տարեդարձը։ Նա բոլորել է 34 տարին։ Այս առիթով ամուսիններն իրենց ավագ որդու՝ Ալբերտոյի հետ գնացել են Ծաղկաձոր, որտեղ, ինչպես կարծում էր Հռիփսիմեն, միայն երեքով պետք է տոնեն ծննդյան տարեդարձը, սակայն ամուսինը՝ Գրիգոր Դանիելյանը, գեղեցիկ անակնկալ էր պատրաստել կնոջ համար, որի մանրամասները պատմել է Tert.am Life–ին։
«Մենք սովորաբար անակնկալներ չենք մատուցում միմյանց, քանի որ միշտ միասին ենք անում ամեն ինչ, սակայն, քանի որ իմ տարեդարձին Հռիփսիմեն անակնկալ էր մատուցել, չէի կարող հետ մնալ իրենից։) Որոշեցի ես էլ իր համար անակնկալ երեկույթ կազմակերպել։ Մենք Ծաղկաձորում էինք, երեկոյան իջանք ռեստորան, որտեղ Հռիփսիմեի տարեդարձի սեղանն արդեն պատրաստ էր, սակայն նստեցինք կողքի փոքր սեղանին, իբր, միայն ընտանիքով պետք է լինենք։ Նստած էինք, ներս մտան մեր բոլոր ընկերները։ Հռիփսիմեն շոկի մեջ էր։ Նա ընդհանրապես չէր սպասում, որ մեր բոլոր ընկերները կարող են գալ Ծաղկաձոր»,- ասաց Գրիգորն ու կատակեց, որ պատասխան «հարվածը» ստացված էր:
Նրանք ընկերների հետ ուրախացել են մինչև ուշ գիշեր, իսկ հետո բոլորով գիշերել են Ծաղկաձորում։ Դերասանը նկատեց, որ ընկերների հետ միշտ ավելի ուրախ է, այնպես որ, չէր կարող նրանց չընդգրկել անակնկալի մեջ։
Հռիփսիմեի Love is… տորթին ի պատասխան` Գրիգորն իրենց լուսանկարով տորթ էր պատվիրել։
Անդրադառնալով կնոջը մատուցած նվերին Գրիգորն ասաց, որ ոսկյա թևնոց է ընտրել. «Հռիփսիմեն այդպիսի բիժու ուներ, ես որոշեցի իրեն նվիրել ոսկյան:
Դերասանը նաև բանաստեղծություն է նվիրել սիրելի կնոջը.
Զարմանում եմ, ո՞նց եմ ապրել առանց Քեզ,
Չէ՞ որ Դու իմ կյանքի միակ առանցքն ես,
Զարմանում եմ, ո՞նց եմ շնչել առանց Քեզ,
Իմ թթվածին, ո՞նց եմ սնվել առանց Քեզ,
Ո՞նց եմ քնել ու արթնացել առանց Քեզ,
Ուրախացել ու խնդացել առանց Քեզ,
Զարմանում եմ` ես չե՞մ ապրել մինչև Քեզ,
Քեզ հանդիպել ու նորից եմ ծնվել ես։
Կարճ ենք ապրել մենք միասին՝ տասը տարի,
Տարիներ, որ հավասար են տասը դարի,
Ու այդպես էլ տարեց տարի սերս նմանվում է քարի
Ու կարծրանում ինչպես ծովի կուռ մարգարիտ։
Ես պատրաստ եմ կողքիդ լինել ևս քանի հարյուր տարի,
Միայն հանկարծ բախտը կողքից մեզ ոչ մի կերպ չխանգարի։
Միևնույն է, զարմանում եմ, հարց եմ տալիս,
Ո՞նց եմ ապրել առանց Քեզ ես քսանչորս տարի։