Կին լինելն ընդհանրապես հեշտ բան չէ, և այս պարագայում Մերիլին Մոնրոն, Կոկո Շանելը, Մոնիկա Բելուչին և այլ մեծագույն հանրահայտ կանայք կարող են կյանքի այս կամ այն իրավիճակում լավ խորհրդատուներ լինել:
Կոկո Շանել
Արտահայտությունը՝ «Որքան վատ են կնոջ գործերը, այնքան լավ տեսք նա պետք է ունենա»:
Մենք Շանելին սիրում ենք փոքրիկ սև զգեստի, տաբատների, տվիդե պիջակի, 2.55 պայուսակի և պարֆյումի համար, որը դարձել է կնոջ բույրի մարմնացումը: Սիրում ենք նաև ոճի մասին նրա բազմաթիվ արտահայտությունների համար: Նորաձևության աշխարհում իսկական հեղափոխական Շանելը մեզ ավանդել է, որ շքեղությունը պետք է հարմար լինի, որ կարելի է հիասքանչ լինել 20 տարեկանում, հմայիչ՝ 40-ում, և անդիմադրելի՝ մինչև սեփական կյանքի վերջին օրը: Եվ, որ ավելի լավ է՝ համեստ, քան՝ չափազանց արտահայտիչ: Այդ պատճառով էլ նրա նորաձևության տան իրերը դարձել են դարի դասականը, իսկ նրա պատգամները՝ գործողության դիմելու ուղիղ ցուցում:
Մարգարետ Թետչեր
Արտահայտությունը՝ «Հզոր լինելն իսկական լեդի լինելու պես մի բան է: Եթե դուք ստիպված եք մարդկանց հիշեցնել, որ դուք լեդի եք, ուրեմն դուք հաստատ լեդի չեք»:
Իր կոշտ սոցիալական ռեֆորմներով Երկաթե Լեդին հասավ հանրահայտության ամենացածր նիշին, ավելին՝ նրա մահը 2013թ. Մեծ Բրիտանիայի բնակիչները տոնեցին քայլերթերով ու ցույցերով: Բայց որքան էլ որ գայթակղիչ է սեփական խոհանոցում նստած նրան քննադատելը, մենք կկենտրոնանանք այն բանի վրա, որ իր օրինակով Թետչերն առաջիններից մեկը ցույց տվեց, որ կինը կարող է հասնել ամենաբարձր դիրքի: Թետչերը համոզված էր, որ կանանց համար միակ խոչընդոտը, այնպես, ինչպես և տղամարդկանց պարագայում, ծուլությունն ու հաղթանակին հասնելու կամքի բացակայությունն են:
Մերիլին Մոնրո
Արտահայտությունը՝ «Չի կարելի քնել տղամարդու հետ ու նրանից փող վերցնել՝ գոնե փոքր-ինչ չփորձելով հավատալ այն բանին, որ սիրում ես նրան»:
Սեքսուալ շիկահեր հիմարիկի դերը, որը Մերիլինը ստիպված էր խաղալ ողջ կյանքում, կաշկանդում էր դերասանուհուն: Չէ՞ որ նա ուզում էր լուրջ դրամատիկ դերեր կերտել և, վերջիվերջո, երջանիկ լինել: Մյուս կողմից՝ հենց այդ կերպարը երբևէ անհայտ Նորմա Ջինին դարձրեց ոչ թե Հոլիվուդի ոսկեդարի հերթական շիկահերը, այլ հենց ոճի աստվածուհի Մերիլին Մոնրո: Արդյունքում՝ Մոնրոն կենդանի չի 50 տարուց ավելի, սակայն միլիոնավոր տղամարդիկ մինչ օրս երազում են այդ մարմնացած կանացիության մասին:
Բրիջիտ Բարդո
Արտահայտությունը՝ «Ավելի ծանր աշխատանք, քան առավոտյան ժամը 8-ից մինչև կեսգիշեր գեղեցիկ տեսք ունենալը, չկա»:
39 տարեկանում համայն Ֆրանսիայի երազանքը հեռացավ մասնագիտությունից: Մինչ օրս նա իրեն նվիրում է կենդանիների իրավունքների համար մղվող պայքարին և հայտնի է, մեղմ ասած, անհանդուրժող վերաբերմունքով սեռական փոքրամասնությունների, փախստականների ու մահմեդականության նկատմամբ: Բայց պատմության մեջ նա կմնա՝ որպես 50-ականներից հայտնի նույն այն Բրիջիտը, ով Կաննում համարձակորեն շրջում էր այն ժամանակների համար փոքրիկ բիկինիով ու գայթակղում Պաբլո Պիկասոյին, և ով դարձավ սեքսուալ հեղափոխության ծիծեռնակը «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմում:
Սոֆի Լորեն
Արտահայտությունը՝ «Յուրաքանչյուր կին, նստելով դիմահարդարման սեղանիկի մոտ, դառնում է նկարչուհի ու խորասուզվում արվեստի աշխարհի մեջ: Ավելի ճիշտ, նա դա անելու հնարավորություն է ստանում»:
Հայտնի պրոդյուսեր Կարլո Պոնտին համաձայնեց աշխատել Սոֆյա Շիկոլոնեի հետ 2 պայմանով. նա փոխելու է իր անունը ավելի հնչեղ Սոֆի Լորենի, և փոխվելու է արտաքնապես՝ դիմելով պլաստիկ վիրահատության և լրջորեն նիհարելով: Եվ եթե կեղծանվանը Սոֆին չառարկեց, ապա իր մարմինը և դեմքը հարմարեցնել ինդուստրիայի պահանջներին՝ կտրուկ հրաժարվեց: Արդյունքում՝ նորաձևությունը փոխվում էր, փոխվում էին և երիտասարդ գեղեցկուհիները, իսկ Լորենը մնում էր՝ որպես կանացիության և ներքին ուժի խորհրդանիշ: Եվ, ի դեպ, առանց որևէ պլաստիկ վիրահատության նա 72 տարեկանում Pirelli օրացույցի համար նկարահանվեց բավականին բաց ֆոտոսեսիայում:
Կատրին Դընյով
Արտահայտությունը՝ «Ես մայր եմ, իսկ մայրը երբեք միայնակ չի լինում»:
Կատրինը երբեք չէր հավատում պաշտոնական ամուսնությանը, ինչը չխանգարեց նրան արու զավակ ունենալ Ռոժե Վադիմից, և դուստր՝ Մարչելլո Մաստրոյանիից: Նրա 2 տղամարդիկ էլ ամուսնության առաջարկ էին անում նրան, բայց Կատրինն ամեն անգամ ընտրում էր ազատությունը, և միշտ ինքն էր վերջ տալիս հարաբերություններին: Հիացած լինելով դերասանուհու սառնասրտությամբ և ոգու արիությամբ՝ նրա ընկեր և կոլեգա Ժերար Դեպարդյեն ասում էր՝ Կատրին Դընյով. ահա այն տղամարդը, որը ես միշտ ցանկացել եմ դառնալ:
Էլիզաբեթ Թեյլոր
Արտահայտությունը՝ «Խոշոր աղջիկներին խոշոր ադամանդներ են պետք»:
1966թ. արտադրության «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից« ֆիլմում դերի համար Լիզ թագուհին ստիպված եղավ բավականին քաշ հավաքել, և հենց այդ ժամանակվանից էլ ավելորդ քաշի հետ կապված խնդիրները մշտապես հետապնդել էին նրան, ինչը, ի դեպ, չխանգարեց նրան ամուսնանալ, «Օսկարներ» ստանալ, խաղալ իր սիրած կերպարները, և դե, իհարկե, որպես նվեր՝ ստանալ ամենախոշոր ադամանդները: Ինչ ասես արժե նրա՝ թվով 5-րդ և 6-րդ ամուսին Ռիչարդ Բարթոնի նվիրած մատանին՝ 69 կարատ ադամանդներով:
Մոնիկա Բելուչչի
Արտահայտությունը՝ «Ես երբեք նիհար չեմ լինի: Ես իմ բնույթով բավականին ծույլ եմ, սիրում եմ ուտել: Ես իրական եմ հենց այդպիսին և չեմ պատրաստվում երբևէ անիրական դառնալ»:
Իհարկե, լավ է ասված, սակայն այնքան էլ դժվար չէ ինքդ քեզ սիրել այնպիսին, ինչպիսին որ կաս, եթե դու Մոնիկա Բելուչիի արտաքին տեսքն ունես: Իր մոդելային կարիերայի սկզբում նա լիովին համապատասխանում էր նորաձևության աշխարհում ընդունված չափանիշերին, սակայն իրեն չէր տանջում խիստ սննդակարգերով և մարզադահլիճային ծանրաբեռնվածությամբ: Նա շատ հանգիստ էր ընդունում տարիքի և երեխաների ծննդի հետ կապված՝ իր մարմնի փոփոխությունները: Նրա կարգախոսն է՝ կեր, սիրիր, ապրիր: 50 տարեկանում նա դարձավ Ջեյմս Բոնդի ամենատարիքով ու շքեղ ընկերուհին:
Շերոն Սթոուն
Արտահայտությունը՝ «Եթե չես ուզում իմ դեղձերը, մի ցնցիր իմ ծառը»:
Ափսոս, Հիչքոքը չապրեց մինչև «Հիմնական բնազդը» և չտեսավ իր սառնասիրտ հիչքոքյան շիկահերի այդ մեկնաբանությունը: Այսօր՝ 57 տարեկանում, Շերոնը արժանի մրցակից է Հոլիվուդի երիտասարդ աստղերի համար: Ըստ որում, գեղեցկուհին խոստովանում է, որ դեռևս տառապում է իր պատանեկան բարդույթների պատճառով:
Դիտա ֆոն Թիզ
Արտահայտությունը՝ «Դու կարող ես լինել աշխարհի ամենահասուն և հյութեղ դեղձը, և, միևնույն է, կգտնվի մեկը, ով տանել չի կարողանում դեղձ»:
Մեր ուշադրությունից դուրս չէին կարող մնալ այս կենսուրախ պարուհին, բուռլեսկի աստղը և նրա վինտաժային ոճը: 2005-2007թթ. նա Մերիլին Մենսոնի կինն էր, իսկ այն, ինչ հավանում էր Մենսոնը, ապրիորի չէր կարող դուր գալ բոլորին: Եվ չնայած չարակամների այն բանակին, որը չէր ընդունում Դիտայի ոճը և համարում էր, որ մերկապարուհի լինելն աշխարհի ամենաամոթալի բանն է, 43 տարեկանում միսս ֆոն Թիզը շարունակում է 10 րոպեանոց ելույթի համար 20 000 դոլար վաստակել: Իսկ դա, համաձայնեք, շատ բարդ և արժեքավոր հմտություն է:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը