Յուրահատուկ մարդ, տաղանդավոր դիզայներ, ով կարողացավ հաջող ընտանեկան բիզնեսը բարձրացնել նոր մակարդակի։ Միուչչա Պրադայի կարողությունների մասին կարելի է երկար խոսել, իսկ նրա ղեկավարած բրենդի կողմից թողարկված իրերի մասին երազում են շատ կանայք։ Lady-4-lady.ru-ն գրում է, որ Prada-ն ժամանակակից նորաձևության աշխարհի ամենահնչեղ անուններից է, իսկ Միուչչան՝ աշխարհի ամենաազդեցիկ և հարուստ կանանցից մեկը։
Prada. ինչպես է սկսվել ամեն ինչ։ Իտալական ամենահաջողակ բրենդի պատմությունը սկսվում է 1913թ.։ Այս ժամանակ Մարիո և Մարտինո Պրադա եղբայրները կաշվե պայուսակների և աքսեսուարների փոքր բուտիկ բացեցին և առանց երկար մտածելու՝ այն անվանեցին Fratelli Prada (Պրադա եղբայրներ)։ Միլանում գտնվող խանութը հաճախորդներին առաջարկում էր կաշվից պատրաստված բացառապես որակյալ արտադրանք։ Պրադա եղբայրների առաջարկած աքսեսուարների գրավչությունը բացառիկ դիզայնն էր, որը գնահատվում էր գնորդների կողմից։ Փոքր ընտանեկան բիզնեսը բավական արագ էր զարգանում։ Կարճ ժամանակ անց բուտիկն իտալացիների մոտ ասոցիացվում էր որակյալ ու պրակտիկ արտադրանքի հետ։ 1958թ. ընտանեկան բիզնեսի ղեկն իր ձեռքը վերցրեց Մարիոյի կինը՝ Լուիզան։ Նրա ջանքների շնորհիվ Fratelli Prada-ի մասին իմացան ամբողջ Եվրոպայում, հետո՝ նաև դրա սահմաններից դուրս։
Prada։ 1978թ. ընտանեկան բիզնեսի համար նշանավորվեց հերթական փոփոխությամբ. բրենդի ղեկավար դարձավ Մարիոյի ամենափոքր թոռնիկը՝ Միուչչան։ Այդ ժամանակ նա նույնիսկ 30 տարեկան չէր։ Ամբիցիոզ, կրթված աղջիկը, թվում էր՝ հրաշալի գիտի՝ ինչպես զարգացնել բիզնեսը։ Քաղաքագիտության ու փիլիսոփայության դոկտորը, պարզվեց՝ նաև տաղանդավոր նախաձեռնող է. հենց նրա ղեկավարությամբ Prada-ն (Միուչչան կրճատեց բրենդի անունը) դարձավ իսկապես հայտնի և հաջողված բիզնես։
Միուչչա և Պատրիցիո Բերտելի։ Բրենդի առաջխաղացման և զարգացման գործում մեծ դեր խաղաց Միուչչայի ամուսինը՝ Պատրիցիո Բերտելլին։ Երիտասարդ Միուչչան, չնայած նորեկ էր բիզնեսում, բայց կարողանում էր անհրաժեշտ մարդկանց գտնել և օգտակար ծանոթություններ ձեռք բերել։ Այդ ժամանակ Պատրիցիոն զբաղվում էր կաշվե իրերի վաճառքով եվրոպական և իտալական շուկայում։ Ձեռք բերած բիզնես կապերի շնորհիվ Միուչչան կարողացավ գտնել Բրետելլիին, և շուտով կայացավ նրանց ծանոթությունը։ Միուչչան հենց սկզբում էր զգում, որ զարգացած կոմերցիոն ընդունակություններ ունեցող, խելացի այս տղամարդը մեծ դեր կխաղա իր կյանքում։ Բայց երբ նրանք կնքեցին համագործակցության և առաջին հավաքածուի վրա աշխատանքի առաջին համաձայնագիրը, նա չէր էլ ենթադրում, որ իրենք շուտով կսիրահարվեն, և Պատրիցիոն կդառնա իր օրինական ամուսինը։
Էքսցենտրիկ Միուչչան, ով դեռ մանուկ հասակից սիրում էր ոչ ստանդարտ լուծումներ և պաշտում էր գեղեցիկ, հազվագյուտ իրերը, ամուսնու շնորհիվ բրենդի նմուշակազմը լայնացնելու հնարավորություն ստացավ. բացի պայուսակներից և աքսեսուարներից՝ նոր հավաքածուներում տեղ էին գտնում կանացի և տղամարդու հագուստ, կոշիկներ։ Այդ ընթացքում Պատրիցիոն բրենդի խանութներ էր բացում մեծ քաղաքներում։
Երբ դեռ փոքր էր, Միուչչան հրաժարվում էր հագնվել այնպես, ինչպես հորդորում էին մեծերը. արդեն մեծ հասակում նա կարող էր ժամերով փնտրել իրեն անհրաժեշտ իրերը։ Այժմ արդեն, ընտրելով նորաձև լուծումներ իր առաջին հավաքածուի համար, նա որոշեց պայուսակ կարել նյութից, որի մեջ պապը սովորաբար փաթաթում էր բրենդի ապրանքը։ 80-ականների սկզբին Prada-ի նայլոնե ուսապարկն իսկական հիթ դարձավ։
Հագուստի առաջին տարեկան հավաքածուն ցուցադրվեց 1988թ.՝ Միլանում, նորաձևության շաբաթի ընթացքում։ Չնայած իրերի տարօրինակությանն ու ինքնատիպությանը, հավաքածուն մեծ հաջողություն ունեցավ և բավական հայտնի դարձավ։ Prada-ն ներկայանում էր՝ որպես որակյալ իրերի արտադրող, որը տարբերվում է նուրբ ոճով և պրակտիկ շքեղությամբ, իսկ դիզայնի բացառիկությունն ու թանկ նյութերը միայն բարձրացնում էին դրա կարգավիճակը։ Առաջարկվող ապրանքների շարքում առանձնահատուկ տեղ էր հատկացվում պայուսակներին։
Miu Miu: 1993թ. հայտնվեց Miu Miu-ն՝ բրենդի նոր ճյուղ, որը հավաքածուներ է թողարկում երիտասարդ, նորաձև աղջիկների համար։ Մանուկ հասակում Միուչչիին Miu Miu էին անվանում. անվանական բրենդի ավանդույթը շարունակվում էր։ Ի տարբերություն Prada-ի՝ Miu Miu-ն ավելի համարձակ է, պատրաստ ռիսկային էքսպերիմենտների և ավանգարդ դիզայնի։ Ապրանքանիշը մեծ հեղինակություն է վայելում և ճանաչված է ամբողջ աշխարհում։
Միուչչան սովոր չէ կանգ առնել ձեռքբերումների վրա։ Այդ պատճառով էլ 90-ականներին Prada-ն սկսեց թողարկել նաև սպորտային հագուստ։
Թսղարկվեց արևապաշտպան ակնոցների բացառիկ հավաքածուն, իսկ 2004թ. բրենդը թողարկեց նաև պարֆյումերիա։
Միուչչան համոզված է, որ իսկական հաջողության համար բավարար չէ արտադրել միայն կոշիկ և պայուսակներ կամ հագուստի հավաքածուներ թողարկել, իսկապես լավ բրենդը պարտավոր է իր հաճախորդին ամբողջական կերպար նվիրել, որը բաղկացած է բազմաթիվ գրավիչ, յուրօրինակ դետալներից։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը