Երբ բեմում Սոնա Ռուբենյանն ու Գարիկն են, նշանակում է` լսարանին սպասվում է էներգետիկ համերգ։ 2018 թվականի մեկնարկը Գարիկն ու Սոնան տվեցին համերգով, որը կայացավ «Կամի» ակումբում։ Երաժշտական զույգը կատարեց արդեն սիրված դարձած երգերը, որոնք հանդիսատեսին ստիպում էին պարել, իսկ համերգից հետո մոտենալ Գարիկին ու Սոնային և շնորհակալություն հայտնել հաճելի երեկոյի համար։ Tert.am Life-ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր պահերը։
Գարիկը նշեց, որ այսպիսի դրական արձագանքներն են իրենց ամեն անգամ էներգիա տալիս հաջորդ համերգը նախաձեռնելու համար, Սոնան էլ նշեց, որ ամեն անգամ այսպիսի համերգներից հետո էներգիայի մեծ շրջանառություն են ունենում, ինչն ուժ է տալիս։
Սոնան խոստացավ, որ 2018-ն աշխատանքային հագեցած տարի է լինելու, որի ընթացքում համերգներ կունենան թե՛ Երևանում, թե՛ արտերկրում։ Երգչուհին խոստանում է նաև նոր տեսահոլովակներ թե՛ «Գարիկ-Սոնա» նախագծի շրջանակում, թե՛ որպես անհատ կատարող։ «Շատ երկար ժամանակ է, ինչ ուզում եմ տեսահոլովակ նկարահանել «Արցախ» երգի հիման վրա։ Հուսով եմ` շուտով իրականացնել ցանկությունս։ Առաջիկայում այդ երգը նաև զուգերգով եմ ներկայացնելու Սամվել անունով մի երիտասարդի հետ` «Նվիրիր կյանք» հիմնադրամի համերգին»,- ասաց Սոնան։
Թեև երգչուհին տարվա ընթացքում մի քանի տեսահոլովակ չի ներկայացնում, ակտիվ աշխատանքային գործունեություն է ծավալում և ձեռք է բերել երկրպագուների մեծ բանակ։ Ամեն դեպքում նա իրեն բավարարված չի համարում։ Ասում է` այդ դեպքում առաջ գնալու ստիմուլ չի ունենա։ «Ես երբեք բավարարված չեմ լինելու, որովհետև, երբ ինձ բավարարված համարեմ, ավելին չեմ անի։ Ես անընդհատ ծարավ եմ ու ծարավս հագեցնելու տեղ կա։ Մանր քայլերով ավելի երկար ես քայլում։ Ես լոնքերով չեմ քայլում, սակայն տեղում էլ չեմ դոփում, միշտ շարժի մեջ եմ»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է Գարիկի հետ համագործակցությանը` Սոնան նշեց, որ Գարիկն անընդհատ նոր մշակումներ է անում։ Գարիկը հայտնեց, որ այժմ երաժշտական ուժերը կենտրոնացրել է միայն այս նախագծի վրա, աշխատում է Կոմիտասի «Գարուն ա» ստեղծագործության մշակման վրա։
«Նախանցած տարվա դեկտեմբերից մշակում ենք «Գարուն ա» երգը, սակայն մինչև օրս դեռ այնքան մեր սրտով չէ, որ բեմում երգենք։ Շատ սիրուն գործ է ստացվում։ Հարմոնիաներին չենք կպել, սակայն երգի տեսակը փոխել ենք, շատ սիրուն է ստացվել։ Սա այն երգն է, որը 1000 մարդ կատարել է, ամեն մեկն իր ձևով` ինչպես ինքն է զգում։ Հիմա մեր հերթն է` ցույց տալու, թե ինչպես ենք մենք զգում այն»,- ասաց նա։
Կոմիտասի ստեղծագործություններին մոտենալը հաճախ ռիսկային է երաժիշտների համար, Գարիկը կարծում է, որ Կոմիտասի երգերը պետք է հաճախ երգել. «Կոմիտասը մեզ երգեր է թողել։ Մենք պետք է անընդհատ երգենք, որպեսզի դրանք չմոռացվեն։ Մենք չենք կարող դրանք զգալ, ինչպես Կոմիտասը, սակայն կարող ենք մեր զգացողությունները փոխանցել»։
Երաժիշտը հայտնեց, որ առաջիկայում համագործակցություններ են սպասվում նաև այլ երգիչների հետ, սակայն անուններ բացահայտել առայժմ չի ուզում։