11-ամյա աղջկա գլուխը մարմնից կտրվել էր. Երևանում սահմռկեցուցիչ վթարի գործով դատը մեկնարկեց. 1in.am
Advertisement 1000 x 90

11-ամյա աղջկա գլուխը մարմնից կտրվել էր. Երևանում սահմռկեցուցիչ վթարի գործով դատը մեկնարկեց. 1in.am

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ մեկնարկեց 2017 թվականի աշնանը մեծ աղմուկ բարձրացրած ողբերգական վթարներից մեկի՝ Աճառյան փողոցում «Գառնիի Սուրիկի լավաշի» տիրոջ թոռան ու ԱԻՆ աշխատակցի մասնակցությամբ ճանապարհային պատահարի գործի դատական քննությունը:

Այս ողբերգական պատահարի արդյունքում 11-ամյա դպրոցական աղջնակ է մահացել, իսկ երեխայի հարազատները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ամբաստանյալի աթոռին երկու Հակոբյաններ են՝ ո՛չ բարեկամներ:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի սեպտեմբերի 5-ին 27-ամյա Լևոն Հակոբյանը՝ ԱԻՆ հրշեջ-փրկարար, իրեն պատկանող «HONDA ACCORD» մակնիշի, տրանզիտային համարանիշով ավտոմեքենայով Երևանի Աճառյան 42 շենքի մոտ ճանապարհի չթույլատրված հատվածում հետադարձ է կատարել, խոչընդոտել է սահմանված թույլատրելի արագության գերազանցումով նույն ուղեմասով ընթացող՝ 23-ամյա Արթուր Հակոբյանին պատկանող, նրա վարած «HUMMER H2» մեքենայի երթևեկությանը, ինչը և դարձել է սարսափելի ավտովթարի պատճառ:

Արթուր Հակոբյանը վտանգավոր իրավիճակի պատճառով անսպասելի փոխել է շարժման ուղղությունը, մեքենան դուրս է բերել հանդիպակաց գոտի, որտեղ ընդհարվել է սկզբում «Օպել», ապա «Նիսան» մեքենաներին:

«Օպելի» 11-ամյա ուղևորուհի Լարիսա Մ.-ն մահացել է, նրա ծնողներին պատճառվել են ծանր ու միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Վթարից հետո փրկարար Լևոն Հակոբյանը առանց կանգ առնելու հեռացել է դեպքի վայրից, գնացել է իր աշխատավայրը, այնուհետև փրկարարների հետ ներկայացել է դեպքի վայր ու ոչինչ չի հայտնել կատարվածի մասին:

Այն բանից հետո, երբ դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի նկարահանած նյութերի ուսումնասիրությունից պարզվել է վթարի ամբողջ պատկերը, Լևոն Հակոբյանը ներկայացել է ոստիկանություն:

Երկու ամբաստանյալներն էլ գտնվում են կալանքի տակ:

Այս գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ դատախազ Հ. Պետրոսյանը:

Արթուր Հակոբյանի շահերի պաշտպանը փաստաբան Վազգեն Թադևոսյանն է, իսկ Լևոն Հակոբյանի շահերը պաշտպանում է փաստաբան Ժաննա Կոտիկյանը:

Տուժողները Արարատի մարզի Ոստանիկ գյուղից են:

Դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը:

Հրշեջ –փրկարար Լևոն Հակոբյանը միջնակարգ կրթություն ունի, նրա խնամքին են 3 և 5 տարեկան մանկահասակ երեխաներն ու չաշխատող կինը:

Արթուր Հակոբյանը դեպքի պահին Սլավոնական համալսարանի միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող էր: Նա ասաց, թե խնամքին ոչ ոք չկա, ֆիզիկապես առողջ է:

Արթուր Հակոբյանը «Գառնիի Սուրիկի լավաշի» տիրոջ թոռն է՝ Արտուշ Հակոբյանի որդին: Հիշեցնենք, որ նույն ընտանիքից՝ Արտուշ Հակոբյանը Նապոլեոն Ազիզյանի ու մի քանի այլ ունևոր անձանց տների վրա ավազակային հարձակումներ կատարած բանդայի կազմում դատապարտվել է 15 տարի ազատազրկման, պատժի սկիզբը 2011 թվականի սեպտեմբերից է:

Արթուր Հակոբյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով, Լևոն Հակոբյանին՝ 242 հոդվածի 2-րդ մասով և 244 հոդվածով՝ նաև՝ պատահարի վայրը թողնելու համար:

Քանի որ ամբաստանյալները մեղադրական եզրակացությունը չէին ստացել, դատախազը դատարանի դահլիճում նրանց հանձնեց մեղադրական եզրակացության մեկական օրինակ:

Այս գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 20-ին:

1in.am